Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պատասխանատու հայտարարություն եք անում»․ ՀՀ-ում սնդիկի պաշարներ չկա՞ն

Մարտ 16,2022 16:15

«Սնդիկի մասին» եւ «ՀՀ ընդերքի մասին» օրենքներում փոփոխությունների համաձայն՝ ՀՀ-ում սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը, ներկրումը եւ արտահանումը կսահմանափակվի, եւ սա միջազգային կոնվենցիայի պահանջ է։ Ինչպես այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, այս սահմանափակումից բխում է, որ սնդիկի՝ որպես օգտակար հանածոյի ուսումնասիրությունն ու արդյունահանումը կարգելվի՝ բացառությամբ այն դեպքերի, երբ սնդիկը չի հանդիսանում հիմնական արդյունահանվող օգտակար հանածո։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը զարմացավ, թե ինչու են արգելում սնդիկի արդյունահանումը, իսկ սնդիկի միացությունների արդյունահանումը՝ ոչ։ Գայանե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ում սնդիկի պաշարներ չկան։ Բագրատյանը չհամաձայնեց․ «Պատասխանատու հայտարարություն եք անում։ ՀՀ ողջ տարածքն ուսումնասիրված չի։ Եղած պաշարների ուսումնասիրությունը դեռ չի նշանակում, թե չունենք։ Դա նույնն է, որ չենք զբաղվում տիեզերագնացությամբ, բայց չընդունենք տիեզերքի մասին օրենք։ Եթե վաղը սնդիկի հանքավայր հայտնաբերվի՞։ Եկեք ընդունենք այնպիսի օրենք, որը կբացառի նաեւ սնդիկի միացությունների արդյունահանումը»։

Գայանե Գաբրիելյանն արձագանքեց, որ շնորհակալ է մտավախության համար եւ հակառակը չի պնդում․ «Այս հարցը եղել է թիրախում, եւ երկար քննարկումներ ենք ունեցել։ Արդյունաբերական նշանակության պաշարներ, հանուն որոնց հնարավոր կլիներ պաշարներն օգտագործել, չկան։ Այս պահի դրությամբ պաշտոնական տվյալն այն է, որ չկա։ Եթե որեւէ ժամանակներում մասնագիտական կարծիքը փոխվի եւ կպարզվի, որ կա, կարող ենք խնդիրներ ունենալ, բայց դա էլ է բացառված, որովհետեւ «Ընդերքի մասին» օրենքով արդեն իսկ սահմանված են «հիմնական» ու «ուղեկից» հասկացությունները։ Կիսում եմ ձեր մտավախությունը եւ կարծում, որ չենք կարող կանգնել ռիսկի առաջ»։

Սերգեյ Բագրատյանը շարունակեց օրինակ բերելով՝ Ամուլսարի պարագայում մասնագետները կարծում են, որ ոսկու բաղադրությունը ցածր է, ուստի միջազգային կազմակերպություններն աշխատում նման դեպքերում ընդերքը չշահագործել․ «Կարծիքներ կան, որ հետաքրքրությունն այլ տեղում է, մասնավորապես, նշվում է ռենիումի մասին, այսինքն՝ ուղեկից միներալները եւ օգտակար հանածոները շատ ավելի կարեւոր են, քան ոսկին, բայց սկսվել է ոսկու ուսումնասիրությունը եւ շահագործման համար խնդրվել լիցենզիա։ Ուղեկից ինչ միներալներ էլ հանվեն, չեն կարող արգելել այլեւս շահագործումը։ Եթե ոսկու հետ պղինձ կա, չես կարող արգելել։ Ուստի, եթե օրենք ենք ընդունում, դրա տրամաբանությունը միշտ է պետք պահել»։

Հավելենք, որ նախագիծն առաջիկայում կքննարկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031