ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հացահատիկի, առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման խնդիրներին: Նա նշեց, որ այդ ապրանքատեսակների մեծ մասը ներկրվում էր ՌԴ-ից, բավական մեծ մասնաբաժին էին կազմում նաեւ Ուկրաինայից ներկրումները, հիմա պատերազմի պատճառով Ուկրաինայից հնարավոր չէ ներմուծում կատարել. «ՌԴ-ն որոշումներ է կայացրել, այդ հարցը առաջիկայում կքննարկվի եւ, կարծում եմ, այդտեղ եւս որոշակի քվոտավորման խնդիրներ կլինեն: Մեզ մոտ որոշ անհանգստություն եղավ ու մարդիկ սուպերմարկետներից մեծ, չարդարացված գնումներ էին անում, ինչի արդյունքում խնդիրներ եղան: Մոտավորապես նույն վիճակը կա նաեւ ՌԴ-ում: Որոշումները վերջնական արդյունքում բացասական ազդեցություն չեն ունենա ՀՀ ներկրվող ապրանքների հարցում: ԵԱՏՄ տարբեր ձեւաչափերով հիմա քննարկվում են առաջացած հետեւանքներին հակազդելու հարցերը, թե ինչ մաքսատուրքերի փոփոխություն է հնարավոր անել՝ միության ներսում որեւէ ճյուղ զարգացնելու առումով»:
Բադասյանն ասաց, որ պարենային անվտանգության խնդիր չի առաջանա, որովհետեւ ներկրումներ կլինեն ՌԴ-ից: ՊԵԿ նախագահը նշեց, որ, օրինակ, հավի միսը Ուկրաինայից էր ներմուծվում, բայց հիմա հնարավոր այլ շուկաներ են փնտրում ու կարող են ներմուծել այլ երկրներից, օրինակ, Ռուսաստանից:
Ըստ Բադասյանի, կորոնավիրուսի ժամանակ իրենք ավելի վատատեսական կանխատեսումներ էին արել, հիմա էլ չեն ուզում վատ վիճակ նկարագրել, որովհետեւ այս տարի լավ են սկսել՝ հունվարին ու փետրվարին աճ կա հաշվարկային փաստաթղթերի, ստաբիլ աշխատատեղերի, միջին աշխատավարձի:
ՊԵԿ նախագահը հաստատեց, որ մինչեւ հիմա մաքսատանն են մնացել պատերազմի օրերին սփյուռքից ուղարկված ապրանքներ, որոնց մաքսազերծման խնդիրները դեռ չեն լուծվել, դրանք գույքագրվել են ու մաքսային հսկողության գոտում են. «Տարընկալում է եղել՝ այդ ապրանքները ԱԻՆ-ը՞ պետք է ստանա, թե՞ առողջապահության նախարարությունը: Որոշակի գրագրություն է եղել: Հիմա մենք եւս մեկ անգամ ամփոփել ենք, ներկայացրել ենք, խնդիրը կառավարության անմիջական հսկողության տակ է եւ շատ շուտով կլուծվի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ