ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախատեսել է արտագնա նիստերի շարք, որի միջազգային ֆինանսավորման հետ կապված հարցերը լուծված են։ Այս մասին այսօր հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահե Ղալումյանը։ «Առաջին արտագնա նիստը նախատեսել ենք անցկացնել Շիրակի մարզում՝ Գյումրիում, գիշերակացով․ երկու աշխատանքային օր կնվիրենք աղետի գոտու խնդիրներին եւ տեղական նշանակություն ունեցող այլ հարցերին»,-տեղեկացրեց Վահե Ղալումյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նկատեց՝ միջազգային կազմակերպության առաջարկին տեղյակ է, բայց հետաքրքիր է՝ ինչո՞ւ հենց Գյումրիից սկսել․ «Ասացիք՝ մենք որոշել ենք, մենք՝ ո՞վ։ Հիմա պետք է մենք որոշենք։ Իսկ Գյումրի առաջինը գնալն ինչո՞վ եք հիմնավորում»։ Վահե Ղալումյանը պատասխանեց․ «Միանձնյա որոշում չկա։ Առանձին հիմնավորում չկա։ Աղետի գոտու հետ կապված, քանի որ շատ հիմնախնդիրներ վերջին շրջանում լուծում են ստացել, նպատակահարմար ենք գտել։ Եթե այլ առաջարկ ունեք, պատրաստ ենք նիստից դուրս քննարկել։ Իսկ մենք ասելով՝ նկատի ունեմ բոլորիս։ Նախնական քննարկում ունեցանք եւ գտանք, որ տարաձայնություն չկա այս հարցում»։
Արտագնա նիստերի շարք սկսելուն կողմ քվեարկեցին բոլոր հանձնաժողովականները։ Այցերի գրաֆիկը եւ այլ մանրամասները հստակեցվելու են քննարկումների ժամանակ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ