Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր բիզնեսմենները ճկուն են, իրենց կմասնատեն ու այդ 100 մլն-ը կդառնա 3 մլրդ, ո՞վ է պատասխան տալու». Հովիկ Աղազարյանը՝ Քերոբյանին

Մարտ 16,2022 14:00

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում «Պետտուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ ներկայացրեց, որով առաջարկում է ամրագրել, որ ՀՀ տարածք մարդասիրական օգնություն ու բարեգործական նպատակներով ապրանքները պետտուրքից ազատվում են: Բացի այդ, առաջարկվում է նաեւ մաքսավճարից ազատել մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով տեղափոխվող այն ապրանքները, որոնց ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոն չի գերազանցում: Իսկ ԵԱՏՄ անդամ երկիր արտահանելու դեպքում նաեւ այն ապրանքների համար մաքսավճար չեն վճարի, եթե ընդհանուր մաքսային արժեքը 1 միլիոն դրամը չգերազանցի:

Քերոբյանն ասաց, որ այս առաջարկը ստացել են «Վոլտերման» հայկական խելացի դրամապանակ ընկերությունից: 1 դրամապանակը մոտ 250 դոլար է, փոքր բան է, բայց արտահանելու համար մի քանի օր է տեւում, մինչեւ մաքսային ձեւակերպում է ստանում ու Հայաստանում բիզնես անելը, հայկական ապրանքը աշխարհին վաճառելը դառնում է խնդրահարույց: Եթե այս ապրանքատեսակները մաքսատուրքերից ազատեն, տարեկան մոտ 100 մլն դրամ պակաս կմտնի բյուջե, բայց դրա փոխարեն, ըստ նախարարի, էականորեն կավելանան ՀՀ-ից արտահանումները:

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցրեց՝ այս փոփոխության «մեխը» ո՞րն է. «Ասում եք՝ պետբյուջեին 100 մլն վնաս է լինելու, բայց մենք բոլորս գիտենք, թե մեր բիզնեսմենները ինչքան ճկուն մտածողություն ունեն, իրենց կմասնատեն ու այդ 100 մլն-ը կդառնա 3 մլրդ մյուս տարվա վերջում, ո՞վ է պատասխան տալու դրա համար»:

Ըստ Աղազարյանի, ՊԵԿ-ը պիտի առաջին հերթին ինքը ընդդիմանար այս նախագծին. «Թող այնպես չհամաձայնվի, որ մենք էլ չհամաձայնվենք, ու այս օրենքը չանցնի»:

Քերոբյանը պատասխանեց, որ արտահանմանը միտված տնտեսական քաղաքականություն են վարում. «Մի պահ պատկերացրեք, եթե ես, օրինակ, ավտոմեքենայով որպես ընկերություն արտահանում եմ հյութ: Ես ի՞նչ պետք է անեմ՝ այդ մի ավտոմեքենան պետք է սարքեմ 10 ավտոմեքենա, 10 բեռնափոխադրման փաստաթուղթ, որ այդ 10 մլն դրամը դառնա 1 մլն դրամներ, որպեսզի խնայեմ այդ 10 մլն-անոց ապրանքի մեջ 25-30 հազար դրա՞մ եւ մի գործողությունն անեմ տասը անգա՞մ, կրեմ ավելի շատ ծախսե՞ր: Մեծ գումարների դեպքում դա խիստ անտրամաբանական եմ համարում: Ընդ որում, ինչ հիմա ասում եք, այս նույն մեկնաբանությունը ՊԵԿ նախագահը կառավարության նիստի ժամանակ բարձրացրեց ու հանդիպեց վարչապետի կտրուկ հակազդեցությանը, որն ասաց՝ շատ անտրամաբանական է: Նա հանձնարարական տվեց, ասաց՝ պետք է վերացնել ոչ միայն այս արգելքը, այլ ուսումնասիրել, թե էլ ի՞նչ խոչընդոտներ կան արտահանման մեջ ու ազատականացնել ամբողջ արտահանումը: ՌԴ-ի այս բարդ իրավիճակների մեջ սա է՛լ ավելի կարեւոր է դառնում»:

Աղազարյանը հաջորդ մտավախությունը ներկայացրեց՝ բա որ գործարարները կեղծեն փաստաթղթերը ու թանկարժեք ապրանքների գները ցածր ներկայացնեն՝ մաքսավճարից ազատվեն: Քերոբյանը պատասխանեց. «Հիմա այդ երեւույթը կա, բայց՝ ներմուծման ժամանակ: Այդ ժամանակ «ինվոյսն» իջեցնելը շատ մեծ «խնայողություն» է առաջացնում: Արտահանման պարագայում խոսքը գնալու է մի քանի հազար դրամի խնայողության մասին: Այս բարիերը ազդում է փոքր արտահանողների վրա: Հիմա մենք խոսում ենք նրանց մասին, ովքեր փոքր բան՝ դրամապանակ են արտահանում ու վճարում 15 հազար դրամ, իրենց փոքր ապրանքը անհարկի թանկացնում է»:

Քերոբյանը նաեւ նշեց, որ աշխարհը փոխվել է ու եթե տարիներ առաջ քիչ ընկերություններ էին արտահանում իրականացնում Հայաստանից, հիմա կարող է գունազարդ գրքեր, փոքր ապրանքներ մարդիկ instagram-ի իրենց էջով վաճառեն, կառավարությունը  պետք է խոչընդոտները վերացնի, որ դա անեն անկաշկանդ: Նախարարի խոսքով՝ մեր արտահանման 60%-ը հանքանյութ է, մոտ 20%-ը՝ բանջարեղեն, մրգեր, 10%-ը՝ ցածր տեխնոլոգիական ապրանք, բարձր տեխնոլոգիական ապրանքը 1-2% է:

ՔՊ պատգամավոր Հայկ Ցիրունյանն ասաց, որ 1 մլն դրամը մեծ գումար է ու եթե այդ գումարի ապրանքը ազատում են մաքսավճարից, ստացվում է, որ խոսքը բոլորովին էլ փոքր ապրանքների մասին չէ, օրինակ, հեռախոս կարող են ներմուծել ու այստեղից արտահանել:

Ընդդիմությունը գոհ էր նախագծից: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը գովեց Քերոբյանին. «Շատ լավ նախագիծ եք բերել»: Ըստ նրա, սա կնպաստի աշխատատեղերի ավելացմանը:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031