Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները, թեև հեշտ չեն ընթանում, բայց կա փոխզիջման հասնելու որոշակի հույս:
«Ես հենվում եմ այն գնահատականների վրա, որոնք տալիս են մեր բանակցողները: Նրանք փաստում են, որ բանակցությունները հասկանալի պատճառներով հեշտ չեն ընթանում, բայց, այնուամենայնիվ, կա փոխզիջման հասնելու որոշակի հույս: Նման գնահատական տալիս են նաև ուկրաինական պատվիրակության որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ նախագահ Զելենսկու գրասենյակի աշխատողներ»,- ասել է Լավրովը:
Նա հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի ուկրաինական կողմի հետ շփումների նաև ապագայում, բայց պետք է հասկանալ՝ ո՞րն է դրա ավելացրած արժեքը: «Խոսեցինք, լավ: Մենք այդպիսի շփումների պատրաստ կլինենք նաև ապագայում: Բայց ցանկալի է հասկանալ, որն է առաջին հերթին նման շփումների ավելացրած արժեքը»,- ասել է նա:
Անդրադառնալով Անթալիայում Ուկրաինայի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպմանը, Լավրովը նշել է, որ Դմիտրի Կուլեբան որևէ նոր գաղափար առաջ չի քաշել: «Նա հայտարարել է, որ եկել է այնտեղ՝ կրկնելու հանրային արված հայտարարությունները: Ինձ համար առավել անհետաքրքիր դարձավ: Բայց հանդիպումից մեկուկես ժամ հետո… չնայած իմ եռակի և քառակի հիշեցումներին, որ ես կցանկանայի լսել այն, ինչ չի հնչել հանրային տիրույթում, նա այդպես էլ որևէ նոր գաղափար առաջ չքաշեց»,- ասել է Լավրովը:
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, նա նշել է, որ Ուկրաինայի հետ բանակցություններում կան հստակ ձևակերպումներ, որոնք մոտ են համաձայնեցման: Լավրովը հույս է հայտնել, որ այն գործնական տրամադրվածությունը, որ ունեն Կիևի ներկայացուցիչները, թույլ կտան համաձայնության գալ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի թեմայի վերաբերյալ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ