Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ուղիղ եթերի միջադեպը համացանցային մեմի թեմա դարձավ

Մարտ 16,2022 12:57

Մարտի 14-ին  ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Վրեմյա» լրատվական ծրագրի ընթացքում Առաջին ալիքի աշխատակից  Մարինա Օվսյաննիկովան հայտնվել էր հաղորդավարուհու ֆոնին` ձեռքում պահելով «Ո՛չ պատերազմին» գրությամբ պաստառը եւ վանկարկել հակապատերազմական կոչեր: Այդ միջադեպից հետո սոցիալական ցանցերում համացանցային մեմերի տարափ է սկսվել` Մարինա Օվսյաննիկովայի ձեռքի պաստառին ամենատարբեր գրություններով:

Aravot.am-ը տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ո՞ր դեպքերում անգամ ամենալուրջ իրադարձության որեւէ դրվագը կարող է դառնալ համացանցային մեմի թեմա: «Իրականում երբեք հնարավոր չէ նախապես իմանալ, թե ինչը կդառնա մեմ, սակայն կան նաեւ մարկետինգային գործակալություններ, կազմակերպություններ, որոնք փորձում են նման բաներ անել, բայց նախապես իմանալ, թե ինչը մեմ կդառնա, ինչը` ոչ, հիմնականում  հնարավոր չէ: Դա շատ կախված է ինտերնետային համայնքներից»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Նրա ձեւակերպմամբ. «Կայքեր կան, որտեղ շատ ակտիվ մասսա է նստած, ու հենց նրանց միջոցով շատ բաներ արագ զարգացում են ստանում»:

Սամվել Մարտիրոսյանը օրինակներ բերեց, թե ինչպես են լուրջ թեմաները մեմի առիթ դարձել. «Օրինակ, տարիներ առաջ Նիգերիայում իսլամիստները դպրոցական աղջիկներ էին առեւանգել, եւ մի միտում գնաց, երբ  մարդիկ սպիտակ թղթի վրա գրում էին` վերադարձրեք մեր աղջիկներին ու այդ թղթով սելֆի էին անում… Այդպես ամբողջ ինտերնետով, ինստագրամով, թվիթերով դա տարածվում էր: Այն ժամանակ Օբաման ԱՄՆ նախագահն էր… Նման կոչով հանդես էր եկել նաեւ Միշել Օբաման: Դրանից մի քանի օր անց, որտեղ սպիտակ թուղթ էին տեսնում, Միշել Օբամայի ձեռքի ձողիկի վրա ինչ ասես գրում էին… Հատկապես սպիտակ դատարկ տարածությունները միշտ օգտագործում են, ու դա միայն մեզ մոտ չէ: Մեկ ուրիշ օրինակ էլ բերեմ: Հիշո՞ւմ եք Ջորջ Քլունիի շապիկը, որի վրա ինչ ասես գրեցին: Անգամ բանը հասավ նրան, որ Մհեր Մկրտչյանի նկարը հայտնվեց նրա շապիկի վրա: Հիմնականում դա աշխարհում տարածված մի թեմա է, որ պտտվում է համացանցում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ համացանցից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031