Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այսօրվա իրադրությունը պահանջում է, որ ադրբեջանցիներին ատամ ցույց տանք». Արա Սահակյան

Մարտ 16,2022 11:34

«Այսօրվա իրադրությունը պահանջում է, որ ադրբեջանցիներին ատամ ցույց տանք: Ցույց տալ, որ մենք Ղարաբաղում յուրաքանչյուր սադրանքի պատասխանելու ենք: Եթե պետք լինի, ապա Ղարաբաղում հայերի նկատմամբ այս գործողությունները պետք է հանգեցնեն Թուրքիայի հետ երկխոսության սառեցման: Եթե պետք լինի, ապա պետք է խաղաղության առաջարկներին ի պատասխան ասել՝ դադարեցրեք Ղարաբաղում հայերի նկատմամբ այս գործողությունները, հետո կանդրադառնանք խաղաղության առաջարկներին», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ խորհրդարանի փոխնախագահ (1992-98 թթ.), արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանը՝անդրադառնալով Արցախում վերջին օրերին առկա լարված իրադրությանը եւ ՀՀ իշխանությունների անտարբերությանը:

Արձագանքելով դիտարկմանը՝ ամբողջ աշխարհը պատերազմում է, ՀՀ իշխանությունը շարունակում է խոսել խաղաղության պայմանագրի մասին, մեր զրուցակիցն ասաց. «Հայկական դիսոնանս է, լարից ընկած մի վիճակ: Երբ աշխարհը պատերազմում է, մենք լուռ նստած սպասում ենք, թե մեր ճակատագիրն ինչպես կորոշվի: Երբ աշխարհը խաղաղ է՝ մենք ուշացած հիշում և սկսում ենք պատերազմել»: Ընդդիմադիր գործիչը շատ վտանգավոր է համարում ստեղծված իրավիճակում «մեր տատիկներից» ժառանգած մտայնությունը՝ «ինչ ուզում է լինի, միայն պատերազմ չլինի», որով վարակել է հասարակության զգալի մասը. «Պետք է ոչ թե վառ երազանքների հետևից գնալ, այլ իրադրությունը ճիշտ գնահատել»:

«Սա պարտվողական քաղաքականություն է: Ես չեմ գտնում, որ Հայաստանն այս վիճակում, մանավանդ մեկուկես տարի առաջ կրած ծանր պարտությունից հետո, պատրաստ է նոր պատերազմի մեջ մտնել: Բայց պետք է ցույց տալ, որ մենք կարող ենք զրկանքներ կրել, բայց չենք կարող զիջել մեր հայրենակիցների անվտանգությունը, մեր հայրենակիցների՝ իրենց հողում ապրելու իրավունքը», – ասաց Արա Սահակյանը:

Խոսակցություններ են շրջանառվում, որ Արցախի նախագահի եւ ՀՀ վարչապետի միջեւ վերջերս կոշտ զրույց է տեղի ունեցել. Արա Սահակյանից հետաքրքրվեցինք՝ տեսնո՞ւմ է Արցախի իշխանության անհամաձայնությունը Հայաստանի իշխանության վարած քաղաքականության հետ:

«Ես լսել եմ, որ Փարիզ այցից առաջ, Ղարաբաղի նախագահը խնդրել է, որպեսզի վարչապետը դնի անվտանգության խնդիրները: Նա չի արել: Ընդհանրապես, այդ մարդը Լեռնային Ղարաբաղի հետ կապված որեւէ հարցադրում չի կատարում. խոստո՞ւմ է տվել, ո՞ւմ է տվել: Շատ զարմանալի է, շատ հակասական բաներ են տեղի ունենում: Հենց երեկ, երեկոյան լուր է գնում, որ վարչապետը խոսել է ԱՄՆ պետքարտուղարի հետ և հայկական տեքստում գրվում է, որ քննարկել են Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Չհավատացի, բացեցի պաշտոնական Վաշինգտոնի պաշտոնական հաղորդագրությունը. Ղարաբաղ գոյություն չունի: Ավելին, Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանում կատարվող այդ բախումներին անդրադառնալով՝ ԱՄՆ պետքարտուղարը երկու կողմերին, հավասարաչափ, հորդորում է ձեռնպահ մնալ իրավիճակի հետագա լարում խորացնելուց: Ամենեւին ԼՂՀ խնդիր չի հիշատակվում: Հիմա ես չգիտեմ… հիշատակվել է… Ես ավելի շատ հավատում եմ Միացյալ Նահանգների տեքստին: Նրանք հստակ են: Հնարավոր է, որ միայն հայկական կողմը խնդիրն առաջադրած լինի, բայց մեր տեքստում գրված է, որ կողմերն են… դա անթույլատրելի, դա խաբեություն է, չի կարելի: Այդ պատրանքները, գիտեք, թե ինչով են ավարտվում», – ասաց Արա Սահակյանը:

Մեր զրուցակիցը նաեւ նկատում է՝ թող այս իշխանությունները չկարծեն, թե իրենք ավելի լավն են, քան խորհրդային տարիների հայ ղեկավարները՝ Ալեքսանդր Մյասնիկյանը, Գրիգորի Հարությունովը, Յակով Զարուբյանը, Անտոն Քոչինյանը, Կարեն Դեմիրճյանը, Սուրեն Հարությունյանը. «Նրանք ավելի հայրենասեր են եղել եւ ավելի արդյունավետ են եղել, որովհետեւ ամեն ինչից զատ, նույնիսկ սովետական այդ կաշկանդված միջավայրում, նրանք հասարակության աջակցությամբ են աշխատել. մտավորականներին նամակներ, գիտնականների ներգրավում, երիտասարդներին աջակցություն, Մոսկվայում ապրող մեծանուն հայերի մասնակցություն այդ խնդիրներին: Այս իշխանությունները պետք է իմանա, որ ԼՂՀ հակամարտության կարգավորումը միայն իշխանական ռեսուրսով հնարավոր չէ: Պետք է ամբողջ հայ ժողովրդի մասնակցությունն ապահովել: Միայն այդ դեպքում եւ երկարատեւ տառապանքների գնով կարելի է ինչ-որ տեղաշարժ ապահովել: Սա միայն իշխանության մենաշնորհը չէ, սա համազգային խնդիր է, եւ դեռ շանս կա ընդդիմության հետ համագործակցելու եւ ընդդիմության ռեսուրսներն օգտագործելու»:

Ադրբեջանի՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար առաջադրած հինգ կետերի, դրան հայկական կողմի արձագանքների մասին զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031