Լրահոս
Օրվա լրահոսը

Մակրոնը Պուտինին կհամոզի՞ Ղարաբաղի հարցում

Մարտ 16,2022 10:35

ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագիրն անորոշ է. Անկարան ու Բաքուն դեմ են ձեւաչափին, Ռուսաստան-Արեւմուտք առճակատումն էլ մյուս կողմից բարդացրել է իրավիճակը

Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպի, իսկ Ադրբեջանը ՀՀ իշխանություններին 5 կետանոց առաջարկներ է ներկայացրել եւ սպասում է հայկական կողմի պատասխանին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ Անկարայի ու Բաքվի դիրքորոշումները հայտնի են, եւ այս պահին, երբ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, իսկ աշխարհն էլ Ռուսաստան-Արեւմուտք դիմակայության մեջ է մխրճված, Թուրքիայի ու Ադրբեջանի համար հարմար պահ է՝ հայկական կողմից ցանկալի զիջումներ ստանալ:

ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ հարթակն էր, որտեղ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան՝ Ռուսաստանի հետ համագործակցում էին, սակայն 44-օրյա պատերազմից հետո խմբի գործունեությունը մինչ այժմ, կարելի է ասել, արգելափակված է: Ու հիմա հետաքրքրական է իմանալ ԵԱՀԿ ՄԽ-ն համանախագահող երկրների դիրքորոշումը՝ այս ձեւաչափով աշխատանքներ կարո՞ղ են շարունակվել: Այս պահին ոչ միայն Բաքվի ու Անկարայի անփոփոխ դիրքորոշումն է ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափի վերաբերյալ, այլ՝ առկա է Արեւմուտք-Ռուսաստան ուժգին, աննախադեպ առճակատում:

Հետեւաբար, եթե ինչ-որ հրաշքով ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը հնարավոր լինի վերականգնել, դա ոչ միայն հայկական կողմի համար հաղթանակ կարելի է համարել, այլեւ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, Ռուսաստան-Արեւմուտք դիմակայության պայմաններում Մոսկվայի եւ Արեւմուտքի համագործակցության հարթակի գործունեության մեկնարկ:

Մարտի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Նրանք քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակն եւ լարվածության աճը: «Նիկոլ Փաշինյանը եւ Էնթոնի Բլինքենը կարեւորել են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը, հաղորդում է կառավարության լրատվական ծառայությունը»: Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաեւ հայ-թուրքական երկխոսության շուրջ: Նրանք խոսել են նաեւ միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին:

Արդյո՞ք անդրադարձ է եղել Բաքվի կողմից ներկայացված առաջարկներին` խաղաղության պայմանագիր կնքելու համար բանակցությունների գնալու շուրջ, եւ Երեւանի դիմումին ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը, պաշտոնական հաղորդագրության մեջ ոչինչ չէր նշվել: Իր հերթին ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի փոխանցմամբ Բլինքենն ասել է՝ «ԱՄՆ-Հայաստան երկկողմ գործընկերության շարունակական կարեւորությունը եւ Հարավային Կովկասում խաղաղ, ժողովրդավարական ու բարգավաճ ապագային նպաստելուն ԱՄՆ-ի նվիրվածությունը»։

ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի սկզբին Փաշինյանին հրավիրեց Փարիզ՝ նշելու Հայաստան-Ֆրանսիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: «Կարող եք ապավինել Ֆրանսիայի վճռական մոբիլիզացմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական կարգավորման նպատակով դեէսկալացիոն միջոցառումների ընդունմանը եւ իրականացմանը», – գրել էր նա Փաշինյանին հղած ուղերձում։

Մարտի 9-ին Ելիսեյան պալատում կայացավ Փաշինյանի եւ նախագահ Մակրոնի հանդիպումը: Կողմերն ընդգծել էին, որ փոխվստահության եւ բարեկամության վրա հիմնված հայ-ֆրանսիական փոխգործակցությունն առաջիկայում նոր թափով կզարգանա՝ համատեղ տարբեր նախագծերի քննարկմամբ ու իրականացմամբ: Մակրոնն ընդգծել էր Հայաստանի հետ տնտեսական եւ հումանիտար ոլորտներում կապերը խորացնելու Ֆրանսիայի պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը: Հանդիպմանը Փաշինյանն ու Մակրոնը քննարկել էին նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: «Վարչապետն անթույլատրելի է համարել իրավիճակը լարելու յուրաքանչյուր փորձ եւ նշել, որ ինչպես Արցախում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները, ինչի հետեւանքով հայկական կողմը մարտի 7-ին ունեցել է մեկ զոհ եւ վիրավոր: Զրուցակիցները կարեւորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում եւ 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացումը»,- ասվում էր կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:

Նույն օրը Փաշինյանն ու Մակրոնը Փարիզում կառավարության նախարարական համաժողովների կենտրոնում մասնակցել էին «Հավակնություններ` Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովի ամփոփիչ պլենար նիստին: Ֆրանսիայի նախագահն իր ելույթը սկսել էր ռուս-ուկրաինական պատերազմի թեմայից։ Ռուսաստանը պատերազմը բերեց Եվրոպա, եւ այն չի կարող հետեւանքներ չունենալ Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար, շեշտել էր Մակրոնը՝ հավելելով, որ այս հարցը քննարկել է Հայաստանի վարչապետի հետ։ «Պետք է աչալուրջ լինել։ Այս իրավիճակում չպետք է մոռանանք 2020թ. աշունը։ Այստեղ էլ ամեն ինչ լուծված չէ եւ շատ անելիքներ կան», – նկատել էր նախագահ Մակրոնը։

Հիշեցնենք, որ Մակրոնը տեսակապով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ խոսել էր փետրվարի 4-ին։ Ֆրանսիական կողմի փոխանցմամբ, հանդիպումն ուղղված էր Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկխոսության ու հումանիտար համագործակցության զարգացմանը։ Ապրիլին Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են եւ մեկ ամիս առաջ Փաշինյանին կես միլիոնից ավելի հայկական համայնք ունեցող Ֆրանսիա հրավիրելը ինչ-որ առումով գնահատվում է որպես նախընտրական քայլ։ Սակայն նկատենք, որ 44-օրյա պատերազմի օրերին Ֆրանսիան ընդգծված աջակցել է հայկական կողմին, Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում վարձկանների ներգրավման վերաբերյալ հստակ դիրքորոշում է արտահայտել: Ֆրանսիայի դիրքորոշումն այսօր եւս հստակ է՝ ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Փաշինյան-Մակրոն հանդիպումից մեկ օր անց, նկատենք, որ Մոսկվայից արձագանք հնչեց: Մարտի 10-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նրանք քննարկել էին հայ-ռուսական համագործակցության հարուստ օրակարգը, դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանը վերաբերող հարցեր։ «Անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ եւ տեւական կարգավորման խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսումը», ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում։ ԱԳՆ-ն նաեւ հայտնում էր, որ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների եւ սադրիչ գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը՝ կարեւորելով լարվածության թուլացման եւ միջադեպերի կանխման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը։

Մակրոնի ու Լավրովի դիրքորոշումներն ունենալով, փաստորեն, պաշտոնական Երեւանն է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ նախաձեռնեն: Գնդակն այս պահին, իսկապես, ԵԱՀԿ ՄԽ-ն համանախագահող պետությունների դաշտում է:

Նկատենք, որ սահմանների ճշտումը Հայաստանն ու Ադրբեջանը Մոսկվայի միջնորդությամբ էին քննարկում, հիմա Արեւմուտք-Ռուսաստան աննախադեպ լարում է՝ Ուկրաինայում պատերազմի համատեքստում: Այժմ պաշտոնական Երեւանը, կարծես, փորձում է ներգրավել Միացյալ Նահանգներին եւ Ֆրանսիային, ինչ-որ առումով դրդում է նրանց ավելի նախաձեռնող լինել՝ ղարաբաղյան բանակցային ճակատում: ԵԱՀԿ ՄԽ-ի մանդատն իհարկե վերաբերում է ԼՂ խնդրի կարգավորմանը, հետեւաբար, եթե սկսվեն բանակցություններ, դրանք պետք է վերաբերեն նախեւառաջ ԼՂ-ի վերջնական կարգավիճակին:

Պարզ է նաեւ, որ ստեղծված իրավիճակում Մոսկվայի դիրքորոշումը վճռորոշ դեր կխաղա: Առաջիկայում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպում։ Փաշինյանն ապրիլին Ռուսաստան կմեկնի պաշտոնական այցով՝ քննարկելու երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ թեմաներ են լինելու օրակարգում:
Նկատենք, որ Մոսկվա մեկնելու հրավեր Փաշինյանը Պուտինից փետրվարի վերջին ստացավ։ Այդ օրերին Մոսկվան ու Բաքուն դաշնակիցներ դարձան, ընդ որում՝ նաեւ ռազմական փոխադարձ օգնության պարտավորություն ստանձնելով։ Փաշինյանն ու Պուտինը վերջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են անցած տարվա հոկտեմբերին, իսկ Պուտին-Փաշինյան-Ալիեւ՝ եռակողմ ձեւաչափով հանդիպումը կայացել էր նոյեմբերին։ Պուտինը հայտարարել էր, թե Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մեկնարկի համար մինչեւ տարեվերջ ստեղծել անհրաժեշտ մեխանիզմներ։ Այդ հայտարարությունը կյանքի չկոչվեց, բայց մյուսի՝ ապաշրջափակման պայմանավորվածության հարցով տեղաշարժ կա. դեպի Ադրբեջան երկաթգծի շինարարության համար Հայաստանում աշխատանքային խումբ է ձեւավորվել։

Ռուսաստանի համար ծանր վիճակում ի՞նչ դիրքորոշում կպահանջի Պուտինը Փաշինյանից՝ աշխարհաքաղաքական տարբեր հարցերով: Այժմ ՌԴ-ն ոչ միայն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, այլեւ Հայաստանի նկատմամբ թշնամական դիրքորոշում ունեցող՝ Ադրբեջանի դաշնակիցն է, եւ շատ հնարավոր է, որ 1 ամիս առաջ Պուտինն ու Ալիեւն արդեն իսկ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել թե՛ ԼՂ-ի, թե՛ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ապագայի առումով:

Որոշ ժամանակ անց արդեն առավել հստակ կլինի՝ արդյոք Պուտինը պաշտպանո՞ւմ է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության շարունակության վերաբերյալ, թե՞ նախընտրում է Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանձին՝ եռակողմ բանակցությունները:

Անցյալ տարի ապրիլի վերջին մի ուշագրավ տեղեկատվություն տարածվեց, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկայում հանդես կգան Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման նոր նախաձեռնությամբ: Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում էին, թե երկու երկրների ղեկավարները նման պայմանավորվածություն են ձեռք բերել հեռախոսազրույցի ընթացքում եւ «մոտ ապագայում կոնկրետ նախաձեռնություններով հանդես կգան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:

Գրեթե մեկ տարի է անցել այս տեղեկությունից, այս ընթացքում, իհարկե, շատ բան է փոխվել աշխարհում, սակայն հարցը հիմա էլ արդիական է՝ Մակրոնը կարո՞ղ է Պուտինի հետ ձեռք բերել նոր պայմանավորվածություն…

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 16.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031