Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղափարների դեֆիցիտ

Մարտ 16,2022 10:00

Ռուսաստանում  մոլեգնում է գրաքննությունը եւ բռնաճնշումները «պաշտոնական գծից» շեղվողների նկատմամբ: Այդ ամենն ինձ հիշեցնում է Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ից հետո ստեղծված իրավիճակը: Ի դեպ, նրանք, ովքեր այժմ Ռոբերտ Քոչարյանին ներկայացնում են որպես մեծ ժողովրդավարի, հավանաբար, լավ չեն հիշում, որ 2008-ի մարտի 2-ին եւ 3-ին ոստիկանության բաժիններ էին տանում Օպերայի շրջակայքում զբոսնող մարդկանց: Մշտապես նման իրավիճակը չի կարող պահպանվել. ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ անգամ Ռուսաստանը ռեսուրս չունեն երկարատեւ ճնշված պահելու հասարակությունը՝ չկա այդքան ոստիկան, չկա այդքան քաղմաս, երիտասարդության մեջ էլ չկա այն վախը, որը ստիպում է «Սովետ տեսած» սերնդին ձեռնպահ մնալ «հակա» խոսակցություններից: Սոցիալական հարթակներն էլ, իրենց բոլոր թերություններով հանդերձ, որոշ չափով պաշտպանում են մեզ կարծր ավտորիտարիզմի անդունդը գլորվելուց: Իհարկե, Պուտինի կամ Քոչարյանի նման մարդիկ կարող են այդպիսի խելահեղ փորձեր անել: Բայց կոնկրետ Հայաստանում Քոչարյանի վերադարձի հավանականությունը, կարծում եմ, զրոյական է, եւ, ի դեպ,  պաշտոնական քարոզչության կողմից «Քոչարյանի վախի» շահագործումը նույնպես չի կարող անվերջ շարունակվել:

Պետությունն, այդպիսով, լուրջ հնարավորություն չունի սահմանափակելու գաղափարների ազատ շրջանառությունը: Խնդիրն, իմ կարծիքով, այլ տեղ է՝ գաղափարներն են քիչ: Վերջերս հանդիպեցի այսպիսի մի համեմատության. գաղափարները ծնվում են մի միջավայրում, որը նման է ցանցի: Եթե կա միայն մի երկաթուղային գիծ՝ Մոսկվա-Պետերբուրգ, ապա ոչ մի գաղափար չի ծնվի, երկիրը պետք է ծածկվի երկաթուղիների ցանցով: Ո՞րն է այս պարագայում «ցանցը». դա համալսարանական եւ ակադեմիական միջավայրն է, որը չի կարող փոխարինվել հայհոյախոս ստատուսագիրների եւ հիպերակտիվ հրապարակախոսների լեզվակռվով: Այստեղ՝ լեզվակռվի ոլորտում, ամեն ինչ պարզ է՝ ով կարծում է, որ «Վիլսոնյան Հայաստանը» կամ «Քուռ-արաքսյան հանրապետությունն» իրագործելի նախագծեր չեն, նրանք «թուրքի լամուկ են» կամ, լավագույն դեպքում, «Լեւոնի հոգեզավակ»: Կամ՝ հակառակը: Թե ով՝ ում ինչ պիտակ է կպցնում, տվյալ դեպքում կարեւոր չէ:

Մինչդեռ ես ուզում եմ լսել հենց ակադեմիական եւ համալսարանական շրջանակներից՝ պե՞տք է արդյոք գնալ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ կարգավորման՝ նրանց առաջարկած պայմաններով, թե՞ ոչ: Եթե հնարավոր է չգնալ, ի՞նչ հետեւանքների է դա բերելու: Որ այս կառավարությունն ապաշնորհ է, որ Փաշինյանի քաղաքականությունը բերել է աղետի, ես առանց ակադեմիկոսների էլ գիտեմ: Աղետն արդեն տեղի է ունեցել: Ի՞նչ է պետք անել հիմա:

Իհարկե, պատասխանը պետք է հասունանա բանավեճի մեջ: Բանավեճի, ոչ թե լեզվակռվի:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nimar says:

    Ամենայն հարգանքով, սակայն, պետք է նշեմ, որ համոզմունքների և գիտելիքի միջև ուղղակի կապ չկա:
    1) Մեր կարծիքները որոշվում են անձնական նախասիրություններով և ճաշակով: Ոմանց համար ինչ-որ բան կարծես աղետ է և աշխարհի վերջ, իսկ մյուսը դա որևէ էական խնդիր չի համարում։ Ճշմարտությունը հավանաբար ինչ-որ տեղ մեջտեղում է: Եթե ​​առանց ավելորդ էմոցիաների։
    Ինչ վերաբերում է ակադեմիական հանրության կարծիքին, ապա նրանք բացարձակապես ունակ չեն որեւէ դրական հայեցակարգ առաջարկելու։ Այս շրջանակների քիչ թե շատ նշանավոր ներկայացուցիչները վաղուց դադարել են լինել ակադեմիզմի կրողներ, այսինքն՝ նրանք այնքան էլ լայն ու բազմակողմանի կիրթ չեն, տաղանդավոր ու ազատ։ Իսկ գործնական քաղաքականության մասին նրանց դատողությունները, որպես կանոն, նույնքան անզոր են, որքան գեներալներինը։ Այսպիսով, սովորական դարբին Ահմադինեժադը որպես քաղաքական գործիչ կարող է լինել մի կարգի ավելի ուժեղ և խելացի, քան գիտական ​​աստիճաններով ծանրաբեռնված, իր նեղ մասնագիտությունից դուրս բոլորովին անօգնական մարդը: Նա կարող է ունենալ իր քաղաքացիական դիրքորոշումը և … (այստեղ անցեք 1-ին կետին):

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031