«Առավոտը» շարունակում է ներկայացնել լրատվամիջոցների դեմ գործերով նոր զարգացումները
Հայցվոր Վարդան Բադասյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Նարեկ Մանթաշյանի, news.am ՍՊԸ-ի, analitik.am, 168.am-ի, Իրավունք.քոմ-ի, blognews.am լրատվական կայքի, alternative.am-ի եւ «Այպրես.ԷյԷմ»-ի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, համապատասխանող հանդիսացող լրատվության միջոցներով հերքումը հրապարակելու եւ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին: Հայցվորը միաժամանակ միջնորդություն էր ներկայացրել դատարան, որով միջնորդել էր կիրառել հայցի ապահովման միջոց, այն է՝ 2.000.000 ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դնել պատասխանող Նարեկ Մանթաշյանի գույքի եւ կամ դրամական միջոցների վրա: Նշված միջնորդությամբ հայցվորը նշել էր, որ պատասխանողը մինչեւ հայցադիմումը ներկայացնելու պահը չի դադարում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում վիրավորել իրեն՝ հայցվորին՝ խախտելով վերջինիս իրավունքները: Հայցվորը մեջբերում էր կատարել պատասխանողից. «(…) եթե կարծում է դատարաններով հնարավոր է մեզ վախեցնել, ապա չարաչար սխալվում է», ինչը ըստ նրա՝ «ողջամտորեն հիմք է տալիս ենթադրելու, որ վերջինս գիտակցել է հայցվորի դատական պաշտպանությանը դիմելու հնարավորության առկայության մասին եւ, այնուամենայնիվ, խախտել է իր իրավունքները»:
Երեւան քաղաքի դատավոր Տ.Գրիգորյանի 2020թ. հուլիսի 20-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Դատարանը բավարարել էր հայցի ապահովման վերաբերյալ հայցվորի միջնորդությունը: Հայցագնի՝ 2.000.000 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել Նարեկ Մանթաշյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա: Հիշեցնենք, նմանատիպ գործերով դատարաններն առաջնորդվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ըստ որի՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին: Նույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հայցի ապահովման միջոցներն են` պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը:
Նույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը կարող է ներկայացվել առաջին ատյանի դատարան հայցադիմումի հետ կամ մինչեւ գործի դատաքննության ավարտը: Իսկ 2-րդ մասի համաձայն` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը պետք է պարունակի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ եւ նշում հայցի ապահովման միջոցի կամ միջոցների մասին: Ըստ դատարանների, հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:
Կարդացեք նաև
Երեք նախնական դատական նիստերից հետո դատավոր Ա. Սուքքյանն է ընդունում այս գործը վարույթ, անցյալ տարվա փետրվարի չորսին: Դատավորը հասցրել է երեք նախնական դատական նիստ հրավիրել, իսկ այս գործով հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի քսանհինգին:
2021թ. մայիսի 3-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանը վարույթ էր ընդունել Խաչատուր Սուքիասյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, ինչպես նաեւ փոխհատուցում վճարելու պահանջների մասին քաղաքացիական գործը: Հայցվոր կողմը հայտնել էր, որ վկայակոչված հոդվածը («Փաշինյանի սրտի օլիգարխ» Խաչատուր Սուքիասյանն ավիաընկերություն է հիմնում «Mediaport» 25.03.2021), դիտվել է ավելի քան 1230 անգամ, եւ այն հավանել են ավելի քան 95 ֆեյսբուքյան օգտատերեր:
Հայցվորը պահանջել էր պարտավորեցնել պատասխանողին https://blog.168.am կայքում հրապարակայնորեն հերքել հրապարակած հոդվածում տեղ գտած տվյալները, ինչպես նաեւ վճարել փոխհատուցում 2.000.000 ՀՀ դրամի չափով: Այս գործով էլ երեք նախնական դատական նիստ էր հրավիրվել:
Մարտի 1-ին նշանակվել էր վճռի հրապարակման օրը: Դատարանը մասնակի բավարարել է հայցապահանջը՝ փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու եւ փոխհատուցում վճարելու մասին, իսկ Խ. Սուքիասյանի ներկայացուցիչ Գորիկ Միրզոյանն էլ օրեր առաջ իր ՖԲ էջում տեղեկացրեց, որ լրատվական ընկերությունը հրապարակել էր հոդված, որի համար հիմք էր հանդիսացել Telegram-յան մի շարք ալիքներում տարածված տեղեկատվությունը։ Հայցվորը գտնում էր, որ Telegram սոցիալական ցանցում (էլեկտրոնային հավելվածում) անհայտ անձանց կողմից կատարված հրապարակումներին հղում կատարելը պատասխանողին չի ազատում վիրավորանքի կամ զրպարտության համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված պատասխանատվությունից։ Ապա հավելել. «Դատաքննության ընթացքում պատասխանող կողմը պնդում էր, որ իրենք ազատվում են պատասխանատվությունից, քանի որ բացահայտել էին նյութի աղբյուրը, իսկ հայցվոր կողմը գտնում էր, որ Telegram սոցիալական ցանցում (էլեկտրոնային հավելվածում) անհայտ անձանց կողմից բացված ալիքը չի կարող համարվել տեղեկատվության աղբյուր։ Telegram սոցիալական ցանցի (էլեկտրոնային հավելվածի) առանձնահատկությունն այն է, որ ցանկացած անձ կարող է դառնալ այդ սոցիալական ցանցի օգտատեր՝ բացելով մեկ կամ մի քանի ալիքներ։ Այդ անձը կարող է իր բացած ալիքներում տեղադրել ցանկացած նյութ ու տեղեկույթ, որի իսկությունը հնարավոր չէ որոշել։ Այդ տեղեկույթը կարող է բովանդակել տարբեր տվյալներ տարբեր անձանց վարքագծի, տեղի ունեցած կամ տեղի ունեցող դեպքերի կամ իրադարձությունների վերաբերյալ, ներկայացնել օգտատիրոջ կարծիքը կամ տեսակետը այս կամ այն հարցի շուրջ։
Սակայն հնարավոր չէ նույնականացնել այն անձին, ով հրապարակում է նշված տեղեկատվությունը։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ Telegram սոցիալական ցանցը (էլեկտրոնային հավելվածը) անբարեխիղճ անձանց տալիս է գործնականում անսպառ հնարավորություն՝ տարբեր անձանց վիրավորելու եւ զրպարտելու համար՝ առանց իրենց ինքնությունը բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքի։ Հատկանշական է, որ Telegram սոցիալական ցանցը (էլեկտրոնային հավելվածը) բավական լայնորեն օգտագործվում է նաեւ անանուն տեղեկատվություն փոխարինելու եղանակով զանազան հանցագործություններ եւ այլ իրավախախտումներ կատարելու համար։ Ավելին՝ Telegram սոցիալական ցանցը (էլեկտրոնային հավելվածը) չի համագործակցում հանրային իշխանության մարմինների հետ եւ չի բացահայտում իրական օգտատիրոջ անձնական տվյալները»։ Նշեմ, որ «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգում դեռեւս չի տեղադրվել որոշումը, որով հնարավոր լիներ դատարանի իրավական գնահատականներին ավելի մանրամասն ծանոթանալ:
Սուքիասյանը հայցադիմումներ ունի այլ լրատվականների դեմ էլ. հայտնել է, որ «Yerevan.Today» կայքի դեմ (պատասխանողը 25.03.2021 թվականին հրապարակել է՝ «Զգուշացեք. Խաչատուր Սուքիասյանի բենզինը փչացնում է մեքենաները. Դեժավյու»), դատավորը դարձյալ Երիցյանն է, news.am-ի դեմ (հրապարակային ներողություն խնդրելու, դատարանի վճիռը հրապարակելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել պարտավորեցնելու, փոխհատուցում վճարելու պահանջների մասին), «Փաստինֆո»-ի դեմ՝ դարձյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքելու, փոխհատուցում վճարելու պահանջների մասին հայցով: Ապրիլի 11-ին է նշանակվել այս գործով նախնական դատական նիստը: Սուքիասյանի ներկայացուցիչ Գորիկ Միրզոյանը 19.04.2021 թվականին մի հայցադիմում էլ ներկայացրել է ընդդեմ Yerkir.am կայքի՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելու, դատարանի վճիռը հրապարակելու, զրպարտություն համարող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, ինչպես նաեւ փոխհատուցում վճարելու պահանջների մասին: Մարտի 7-ին հրավիրվել է նախնական դատական նիստ, այս գործով ներգրավված է նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանը, դատավորն է Ն. Ավետիսյանը (Աջափնյակի նստավայր):
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.03.2022