Լրահոս
Օրվա լրահոսը

Դիրիժորների փնտրտուքի ֆենոմենը

Մարտ 16,2022 13:45

Հայաստանյան նվագախմբերի դիրիժորական վահանակների առջեւ երբեմն հանդիպում ենք նոր անունների, բայց հասկանալի է, որ այդ «երբեմն»-ը նրանց չի կարող գոհացնել։ Վերջին շուրջ երեք տասնամյակի ընթացքում էլ, եթե ինչ-ինչ պատճառով դիրիժորի, ավելի ճիշտ՝ գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի «տեղ է բացվել», հրավիրվել են արտասահմանում ապրող ու ստեղծագործող երաժիշտներ։ Մյուս կողմից՝ տասնամյակներ շարունակ դիրիժորական արվեստում դոմինանտել է կարծրատիպը, թե հայաստանյան պետական նվագախմբերի գեղարվեստական ղեկավարները խանդով ու անվստահությամբ են վերաբերվում նոր անուններին։

Պատահել են դեպքեր, երբ երիտասարդ դիրիժորը ցանկություն է հայտնել աշխատելու, նրան պատասխանել են, թե հաստիք չունեն։ Այս դեպքում խոսքը Րաֆֆի Միքայելյանի մասին է, որը տարիներ շարունակ ղեկավարում էր «Փարոս» կամերային երգչախումբը, իսկ արվեստասեր հասարակությունը դիրիժորին կմտաբերի հատկապես «Փարոսի» եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Պլաչիդո Դոմինգոյի մասնակցությամբ համերգից։ Դիրիժորը ավարտել էր նաեւ Սան Դիեգոյի պետական համալսարանը՝ անվանի մանկավարժ Մայքլ Գրդեսի ղեկավարությամբ, Սանկտ Պետերբուրգում ղեկավարել էր Պետական երիտասարդական նվագախումբը, Երեւանում՝ մեկ-երկու անգամ Օպերային թատրոնի նվագախումբը։

Բայց երբ դիմել էր Կոնստանտին Օրբելյանին՝ օպերային թատրոնի երգչախումբը ղեկավարելու ակնկալիքով, պատասխանել էին, որ խմբավարի թափուր հաստիք չունեն։ Մի բան էլ. Րաֆֆին, եթե չենք սխալվում, 2015 կամ 16թ. Բելառուսում կայացած դիրիժորների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի եւ «Լավագույն դիրիժոր» տիտղոսի, արծաթե մեդալ շահել Լատվիայում։ Րաֆֆիին ոչինչ չէր մնում, քան նորաստեղծ ընտանիքի հետ տեղափոխվել ԱՄՆ, որտեղ այսօր նա ունի ե՛ւ նվագախումբ, ե՛ւ երգչախումբ, նաեւ դասավանդում է քոլեջում։ Թեեւ հոդվածը Րաֆֆիի մասին չէ, բայց նրա օրինակը բերեցինք՝ փաստելու համար, որ Հայաստանում գուցե հատուկենտ, բայց կա՛ն երիտասարդ շնորհալի դիրիժորներ ու խմբավարներ։ Ընդամենը ցանկություն է պետք, մանավանդ, վերջին շրջանում շատ է խոսվում սերնդափոխության մասին։

Վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը աշխատանքի է հրավիրել երեք երաժշտի՝ երկու դիրիժորի եւ մեկ խմբավարի։ Խմբավար Էմմա Առաքելյանին եւ դիրիժոր Նիկոլայ Պողոսյանին «Առավոտը» ներկայացրել է (համապատասխանաբար՝ 18.01.2022թ. եւ 0101.2021թ.)։ Իսկ դիրիժոր Վարդան Գրիգորյանին, որը վերջին շրջանում կատարելագործվում է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, կներկայացնենք նրա վերադարձից հետո։ Ի դեպ, նա երջանկահիշատակ անվանի տենոր Գեղամ Գրիգորյանի որդին է։

Կրկին զրույցի հրավիրեցինք Նիկոլայ Պողոսյանին, որը առաջին մասնագիտությամբ ֆագոտահար է եւ մոտ երկու տասնամյակ հանդիսանում է թատրոնի նվագախմբի արտիստ։ Որպես դիրիժոր օպերային թատրոնում նա 2021թ. ղեկավարել է երկու համերգ, մեկը գարնանը՝ Մոցարտի ծննդյան 265-ամյակի կապակցությամբ, մյուսը տարեվերջին՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Ընդ որում, ջութակահարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային թատրոնի գլխավոր կոնցերտմայստեր Գայանե Աբրահամյանը այդ համերգներից հետո հետեւյալ կարծիքն էր հայտնել. «Հրաշալի երաժիշտ է եւ որպես ֆագոտահար, եւ որպես դիրիժոր։ Այո, ես տեսնում եմ նրա՝ որպես դիրիժորի առաջընթացը։ Նշեմ նաեւ մի հանգամանք, որը շատ կարեւոր է երաժշտի համար. ցանկացած փորձի ներկայանում է ամբողջովին պատրաստ… Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ նա իսկապես տաղանդավոր է»։

Հարցին՝ ո՞րն է առաջին օպերան, որ կղեկավարի, դիրիժորը պատասխանեց. «Դեռ կոնկրետ չեմ կարող ասել, բայց այս պահին աշխատում եմ Ռախմանինովի «Ալեկո», Տերտերյանի «Սոմա. Կրակե օղակ» օպերաների, Ադանի «Ժիզել», Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» եւ Խաչատրյանի «Սպարտակ» բալետների պարտիտուրների վրա»։ Ժպտալով էլ հավելեց՝ «Հավանաբար մոտ ժամանակներս»։ Դիտարկմանը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի համար դուք նոր անուն չեք, վստահ ենք, որ նա ծանոթ էր դիրիժորի ձեր հնարավորություններին նույնպես, Նիկոլայ Պողոսյանը ընդհատեց՝ պատասխանելով. «Համավարակից դեռ շատ առաջ էր, երբ մաեստրո Դուրգարյանը, որը ընթացիկ թատերաշրջանի սկզբից ստանձնել է թատրոնի տնօրենի պաշտոնը, ինձ առաջարկեց վերապատրաստվել Ֆրանսիայում, կոնկրետ՝ Թուլուզի կոնսերվատորիայում՝ Սաբրիե Բեկիրովայի ղեկավարությամբ, որի հետ մաեստրոն ժամանակին կատարելագործվել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում՝ աշխարհահռչակ Մուտինի ղեկավարությամբ։ Հետո վրա հասան քովիդը, պատերազմը… Բայց հույս ունեմ, որ դա կիրականանա»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031