Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ո՞ւր կտանի «IA REGNUM»-ի հետ հեղինակի վեճը

Մարտ 16,2022 13:15

Ընկերոջս՝ ակադեմիկոս Լ. Աղալովյանի խորհրդով «IA REGNUM»-ի գլխավոր խմբագիր Մոդեստ Ալեքսեեւիչ Կոլերովին առաջարկեցի իմ «Կովկասյան Ալբանիա- Աղվանք թագավորությունը (287-528 թթ.)՝ հայկական երկրորդ պետականություն» հոդվածը։ Գլխավոր խմբագիրը նախապես զգուշացրեց, որ հրապարակվելու դեպքում իրենք հոնորար չեն տալիս: Երեսուն տարի է, ինչ Հայաստանի Հանրապետության ԶԼՄ-ները հեղինակներին հոնորար չեն տալիս: Սովոր ենք նման վերաբերմունքին: 45 գիրք եմ հրատարակել, ու խորհրդային կարգերի վերացումից հետո ոչ մի գրքի, հոդվածի համար հոնորար չեմ ստացել:

Ակադեմիկոս Լ.Աղալովյանը բողոք-նամակ էր գրել ՌԴ ԱԳՆ-ին՝ «IA REGNUM»-ի հակահայ եւ ադրբեջանամետ քաղաքականության համար, եւ արտգործնախարարությունը հրավիրել էր գործակալության գլխավոր խմբագրի ուշադրությունն այդ խնդրի վրա:

Մ.Կոլերովը ինձ պատասխանեց.
«Պարոն Կարապետյան, դուք հոդվածում նշում եք. «Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմում հայկական զորքերի ջախջախմանը, ապա Ռուսաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միութենական պայմանագրի կնքման հետ կապված նախնական պայմանավորվածությունը, որի գինը եղել է Արցախի Հանրապետության մեծ մասի կորուստը, իսկ Հայաստանի թույլ իշխանությունը ենթարկվեց Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի կամքին եւ իր հերթին կամավոր զիջեց Արցախի մեծ մասը թշնամուն։ Սա կեղտոտ զրպարտություն է։ Ձեր տեքստը չի հրապարակվի: Խնդրում եմ այլեւս չկապվել ինձ հետ»:

Ես պատասխանեցի.
«Պարոն Կոլերով, ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմում արցախյան զորքերի ջախջախման մասին հոդվածում տեղ գտած իմ տեքստին, ապա այն պատերազմից հետո «Լեռնային Ղարաբաղի տարածքում Թուրքիայի հետ համատեղ հաջող գործողության մասին» իր հայտարարությունում հաստատել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն: Եթե սա «կեղտոտ զրպարտություն է», ապա դրանում համոզվելու համար դիմեք ՌԴ պաշտպանության նախարարին: Հասկանալի է, որ ձեզ համար ավելի կարեւոր էր պատճառ գտնել չհրապարակելու ոչ ի նպաստ Ադրբեջանի պատմական ճշմարտությամբ հոդվածը։ Վերջերս ձեր լրատվական գործակալությունն առանձնանում է հատուկ ադրբեջանամետ հրապարակումներով։ Բայց սա ձեր որոշումն է, թեեւ պարզ չէ, թե ինչն է նման կողմնակալության պատճառ դարձել։ Մենք գիտենք, որ Բաքվի սուլթանը ոչ մի բանի առաջ կանգ չի առնում հարեւան պետությունների ու ժողովուրդների պատմությունը խեղաթյուրելու գործում։ Ձեր գործակալության հեղինակազրկման հաշվին նման կողմնորոշումը ես սխալ եմ համարում: Ինչ վերաբերում է «այլեւս մի կապվեք ինձ հետ» զգուշացմանը, ապա ինձ զարմացրեց լրատվական գործակալության գլխավոր խմբագրի արհամարհանքը հեղինակների նկատմամբ։
Բակուր Կարապետյան»:

Անշուշտ, «IA REGNUM»-ի գլխավոր խմբագրի պատասխանը չէր կարող չկրեր ՌԴ կայսրության ներկայիս քաղաքականության կնիքը: Ընդհանրապես, մեծ կայսրությունները, սկսած Եգիպտոսից ու Ասորեստանից մինչեւ Անգլիան, Ռուսատանը, ԱՄՆ-ը, վերածվում են հրեշանման էակի, ու այլեւս անկառավարելի են դառնում իրենց նկրտումներում: Նրանք անվերջորեն տարածքներ են խժռում, ընդլայնում իրենց ազդեցության գոտիները: Նրանք գործում են ելնելով իրենց շահերից: Իսկ փոքր երկրներին մնում է փորձել խուսանավել, հարվածների տակ չընկնել: Թե ինչքանով կհաջողվի Հայաստանի Հանրապետությանն ու Արցախի Հանրապետությանը գոնե հետագայում հարվածի տակ չընկնել, կախված է նաեւ այդ պետական կազմավորումների ճկունությունից: Այսօր տեսնում ենք, թե Ուկրաինան ինչ թանկ գին է տալիս ոչ շրջահայաց քաղաքականության համար:

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
09.03.2022

«Առավոտ» օրաթերթ
15.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031