Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ խնդիրներ կլուծի «Հերոսների վերականգնողական քաղաքի» հացատունը

Մարտ 16,2022 12:00

Մանրամասնում է նախագծի հեղինակ Սուրեն Արեենցը

«Հերոսների վերականգնողական քաղաքում բոլոր վայրերը՝ ջրվեժը, այգին եւ ամեն տարածք նախատեսված է թերապիաների համար».-«Առավոտի» հետ զրույցում նշեց «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի հեղինակ Սուրեն Արեենցը: Նա հիշեցրեց, որ ինչպես հայտարարել են, փորձում են թերապիաներ անցկացնել ոչ ստանդարտ միջավայրում, հնարավորություն ստեղծել, որ զինվորները հոգեպես ավելի հանգիստ լինեն ու վերականգնվեն: Այդ նախագծերից մեկը հերոսների հացատունն է, որը ըստ մեր զրուցակցի, մի քանի գործառույթ է ունենալու:

«Նախ հացատան շնորհիվ կենտրոնը 100-150-ի փոխարեն կարող է ընդունել մինչեւ 300 հոգու, երկրորդն այն է, որ հերոսները, հերոսների մայրերը, ընտանիքի անդամները կկարողանան աշխատանք ունենալ: Ոչ միայն հերոսների ընտանիքներին, այլեւ սոցիալապես անապահով ընտանիքներին տալու ենք անվճար սնվելու հնարավորություն: Այդ ամենն իրականացնելու են հենց հերոսներն ու իրենց ընտանիքի անդամները»,- հավելեց Սուրեն Արեենցը:

Նրա խոսքով, ուրիշներին օգտակար լինելը նույնպես թերապիայի միջոց է, որովհետեւ երբ մարդ կարողանում է ուրիշին օգտակար լինել, հոգեբանորեն ավելի դրական է տրամադրվում կյանքի եւ ապագայի հանդեպ: «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի հեղինակը նաեւ ընդգծեց, որ հացատան հաջորդ դերակատարությունն այն է, որ էկոլոգիապես մաքուր սնունդ է արտադրվելու, եւ հերոսներն ու իրենց ընտանիքի անդամները փոքրիկ բիզնես են ունենալու: Նրանք նաեւ հնարավորություն են ունենալու վերապատրաստվել ռեստորանային բիզնեսի բնագավառում, սովորել ժամանակակից ռեստորանային արվեստ:

«Հացատունը շատ կարեւոր է նաեւ այն առումով, որ հերոսների եւ մասնագետների առաջին շփումը տեղի է ունենում հացի, սննդի միջոցով: Տղաները խոհանոցում շփվում են հոգեբանի, հոգեբույժի հետ, նրանց հետ է սննդի պատրաստումը տեղի ունենում: Անկախ իրենց կամքից` նրանք բուժական առաջին հանդիպումը ունենում են այստեղ, հետո ավելի են մտերմանում»,-ասում է մեր զրուցակիցը:
Նա նաեւ նշեց, որ նախագիծն անհատ նվիրատուների շնորհիվ է գործում, Ֆեյսբուքում պարբերաբար իրազեկում են նվիրատվությունների ու հանգանակությունների մասին. «Հացատան համար եւս նվիրատվություն է հայտարարված, խնդրանքս է, որ հանրությունը ակտիվ լինի եւ գիտակցի, որ այս հանգանակությունների շնորհիվ շատ ընտանիքներ կկարողանան անվճար սնունդ եւ աշխատանք ունենալ: Հացատան շնորհիվ ավելի շատ մարդ հնարավոր կլինի ընդունել կենտրոն, բացի դրանից, ֆոնդերի միջոցով հերոսները աշխատավարձ կստանան հացատան միջոցով: Կարճ ասած` մենք բարեգործությունը վերածում ենք բիզնեսի»:

Գոհար ՀԱԿՈԲՅՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031