Ինչպես է կոնֆորմիստների «հարմարավետության գոտին» օգնում կառավարություններին
Դիտելով ռուսաստանյան փողոցներում անցկացվող vox-pop-երը, որոնք անցկացվում են թե՛ արեւմտյան եւ թե՛ տեղական հեռուստաընկերությունների կողմից, կարող ենք գալ եզրակացության, որ քաղաքացիների մեծամասնությունը սատարում է Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած պատերազմին եւ կրկնում է իրենց երկրի իշխանության քարոզչական թեզերը՝ «մենք դա ստիպված էինք անել», «թշնամին մեր դռան մոտ էր», «մենք պաշտպանվում ենք» եւ այլն: Բնական հարց է առաջանում՝ մարդիկ այլ կերպ են մտածում եւ վախենո՞ւմ են իրենց տեսակետը հայտնել, թե՞ դա նրանց անկեղծ համոզմունքն է: Իմ տպավորությամբ, ռուսաստանցիների մեծ մասն իսկապես աջակցում է Պուտինի քաղաքականությանը:
Պատճառներն այստեղ բազմաթիվ են, բայց պետք է հասկանալ, թե ինչ է տվյալ դեպքում նշանակում «աջակցություն»: Ռուսաստանցի սոցիոլոգ Գրիգորի Յուդինը ռուսաստանյան հասարակական կարծիքն այս փուլում բաժանում է երեք մասի: Առաջին խումբը, մոտավորապես՝ մեկ քառորդը, ագրեսիվ է տրամադրված Ուկրաինայի եւ ուկրաինացիների, ինչպես նաեւ Արեւմուտքի հանդեպ, պատրաստ է արյուն թափել, վրեժ լուծել եւ այլն: Երկրորդ խումը, դարձյալ մոտ 25 տոկոսը, դեմ է պատերազմին, եւ այդ խմբից շատերը, ի հեճուկս բռնաճնշումների՝ ձերբակալությունների, լրատվամիջոցների արգելափակման, մարդկանց աշխատանքից հեռացնելուն, հեռախոսները ստուգելուն, արտահայտում է իր կարծիքն այս կամ այն հարթակում:
Բայց հիմնական զանգվածը չունի ո՛չ ագրեսիվ, ո՛չ էլ «ազատամիտ» նկրտումներ: Քաղաքացիների կեսն իր համար ընտրել է հարմար դիրքորոշում, ըստ որի՝ ոչ մի պատերազմ էլ չկա: Պատահական չէ, որ Ռուսաստանում արգելված է «պատերազմ» բառը, որովհետեւ ցանկացած նորմալ մարդու համար, մանավանդ պատերազմ տեսած ժողովուրդների ներկայացուցիչների, նրանց երեխաների եւ թոռների համար ինքնին այդ բառը ատելի է: Մարդկանց ձեռնտու է համարել, որ այն, ինչ հիմա անում է Պուտինը, իսկապես «հատուկ գործողություն» է, որը ոչ մեկին ոչ մի վնաս կամ ցավ չի պատճառում, հիմա արագ կվերջանա, եւ ամեն ինչ կընկնի իր հունի մեջ: Ի դեպ, քանի որ «արագ չի վերջանում», Ռուսաստանի իշխանությունը, կարծում եմ, մոտ ժամանակներս ստիպված է լինելու ինչ-որ ձեւով պատերազմն ավարտել, որովհետեւ այդ տեսակի «հատուկ գործողությունը» չի կարող շաբաթներ տեւել:
Կարդացեք նաև
Քարոզչական էֆեկտը երկարաձգելու համար ՌԴ պաշտոնական քարոզչությունն առաջ է քաշում վտանգավոր թեզեր, որոնցից մեկը «դենացիֆիկացիան» է: Եթե Ուկրաինայում իշխանության գլխին իսկապես նացիստներ լինեին, ապա այդ երկրի ժողովուրդը պետք է որ հրճվանքով ընդուներ «ռուսական ազատագրական բանակը»: Իսկ, քանի որ ոչ մի հրճվանք չի նկատվում, ուրեմն ժողովուրդը նույնպես, ըստ այդ տրամաբանության, հիմնականում կազմված է նացիստներից: Այդպես կարելի է շատ հեռուն գնալ: Եվ երկրորդ նմանատիպ քայլը դպրոցներին շրջաբերականներ ուղարկելն է, որոնց համաձայն, բոլոր ուսուցիչները պարտավոր են 7-ից 12-րդ դասարանցի երեխաների գլուխը մտցնել իշխանության նույն քարոզչական թեզերը պատերազմի մասին: Նրանք, ովքեր հրաժարվում են դա անել (բարեբախտաբար, Ռուսաստանում այդպիսի ուսուցիչներ կան), հեռացվում են աշխատանքից: Երեխաներին իշխանության շրջաբերականներով դաստիարակելը հիշեցնում է թե՛ նացիստական Գերմանիան եւ թե՛ ժամանակակից Ադրբեջանը:
Բայց ռուսաստանցիների հիմնական զանգվածին, որն իր համար ընտրել է «հարմարավետ չտեղեկացվածության» դիրքը, այդ ամենը չի հուզում: Հայտնի է, որ մարդկանց մեծ մասին քաղաքականությունը չի հետաքրքրում, մանավանդ՝ արտաքին քաղաքականությունը, նրանք հաճույքով կուլ են տալիս իրադարձությունների այն մեկնաբանությունը, որն իրենց հրամցնում է իշխանությունը: Իսկ դա երկու շաբաթվա պատմություն չէ՝ այդպիսին էր պաշտոնական քաղաքականությունը 20 տարվա եւ հատկապես վերջին 8 տարվա ընթացքում: Այդ «բարձր քաղաքականությունից դուրս» մարդիկ ապրում են իրենց առօրյա հոգսերով: Նրանք լրջորեն կբողոքեն միայն այն դեպքում, երբ կսկսվեն լուրջ սոցիալական դժվարությունները:
Սովորաբար, նման նկատառումների հրապարակումից հետո, սոցիալական հարթակներում հարց է տրվում՝ ինչո՞ւ եք ռուսների եւ ուկրաինացիների դարդը լացում, մեզ մեր դարդերը քի՞չ են: Պատասխանեմ. hասարակական վարքի մոդելն ինձ հետաքրքրում է հենց «մեր դարդերի» տեսանկյունից: «Մեր դարդը», մեր հիմնական մտահոգությունն այսօր, ինձ թվում է, պետք է լինի այն, որ մեր հազարավոր հայրենակիցներն Արցախում մրսում են, ապրում են առանց էլեկտրականության եւ գազի: Արդյո՞ք այդ մտահոգությունը հուզում է Հայաստանում ջերմ եւ լուսավոր պայմաններում ապրող մեր քաղաքացիների մեծամասնությանը: Գուցե ոմանք ասեն, որ հոգու խորքում մարդիկ անհանգստացած են: Սակայն այդ անհանգստությունը, եթե կա, այնքան «խորն» է, որ չի դրդում Հայաստանի կառավարությանը դիմել համապատասխան քայլերի՝ այդ հրատապ խնդիրը լուծելու համար: Ինչո՞ւ է մեր կառավարությունը «ձեռքերը լվացել» արցախցիներից: Որովհետեւ իրեն քվեարկած քաղաքացիների մեծամասնությունն է դա արել: Ինչպես եւ Ռուսաստանի դեպքում, մեծամասնությունը «հարմարավետության գոտում» է, մտածում է, որ պատերազմը, զրկանքները, ցուրտ եւ մութ բնակարաններն իրենցից հեռու են, իրենց հետ կապ չունեն:
…«Ի՞նչ է նշանակում «հանձնել է»: Էդ խեղճ տղու ձեռն ի՞նչ կար, որ հանձներ կամ չհանձներ»: Ահա՛ թե որտեղից է այդ ամենը գալիս:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.03.2022