Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը կշարունակի աշխատել պետական համակարգում․ այս մասին Սյունիքի մարզպետարանում ասել է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ Սյունիքի նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին պաշտոնապես ներկայացնելու ժամանակ։
Նախարարը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետին՝ ասելով, որ պետության համար այդ փուլում Մելիքսեթ Պողոսյանը կարողացավ ստանձնել այդ առաքելությունը։ «Ուրախ եմ, որ պարոն Պողոսյանի նման ավագ ընկեր ունեմ, ու կարծում եմ կշարունակենք մեր ընկերությունը, հատկապես երբ երկուսով չենք աշխատի»,-ասաց Գնել Սանոսյանը։
Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը այլ աշխատանքի անցնելու որոշում չունի։ «Կզբաղվեմ կնոջս բուժելու հարցերով, հետո նոր կմտածեմ աշխատանքի մասին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մելիքսեթ Պողոսյանը։
Կարդացեք նաև
«Ես ամենադժվար, օրհասական պահին որոշում եմ կայացրել դառնալու Սյունիքի մարզպետ, դա իմ առաքելությունն է եղել։ Եվ այսօր Սյունիքից բաժանվում եմ հպարտ, ես չեմ հեռանում»,-ասում է նա՝ ավելացնելով, որ ինքը միշտ եղել այնտեղ, որտեղ դժվար ու բարդ էր։
«Շատ խոսելով չէ, որ հրապարակներում կանգնեմ խոսեմ։ Մարդ պիտի պիտանի լինի իր հայրենիքին, իր ժողովրդին։ Մեր հույսը պիտի մեր վրա դնենք»,-եզրափակեց Մելիքսեթ Պողոսյանը։
Մանրամասները տեսանյութում։
Նշենք, որ Մելիքսեթ Պողոսյանը 2020 թվականի դեկտեմբերին էր նշանակվել Սյունիքի մարզպետ՝ փոխարինելով հրաժարականի դիմում ներկայացրած Հունան Պողոսյանին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ