«Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը այսօրվա ասուլիսում որքան էլ հորդորեց լրագրողներին՝ հարցեր տալ Հայաստանում նախատեսվող ծրագրերի իրականացման մասին, դրանք մեծամասամբ քաղաքական էին եւ առնչվում էին Արցախում հումանիտար ճգնաժամին, Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, գործող իշխանության դիրքորոշումներին եւ ռուս-ուկրաինական հակամարտությանը:
Պատասխանելով Արցախում այսօր տիրող վիճակի մասին հարցին եւ թե ինքը, «Ռուսաստանի հայերի միությունը» խնդրին որեւէ լուծում տալու ուղղությամբ ինչ են անում, Արա Աբրահամյանն ասաց. «Հնարավոր չէ, որ որեւէ նորմալ հայ, որտեղ էլ ապրելիս լինի, տեղյակ չլինի, թե ինչ է կատարվում այսօր Արցախում: Հավատացեք՝ մանրամասնորեն գիտեմ, թե երբ են պայթեցրել գազամուղը, էլեկտրակայանները ու չեն թողնում վերականգնել, Ադրբեջանում ինչ խնդիրներ կան ռուսական խաղաղապահների հետ կապված, ինչպես է ժողովուրդը այս ցուրտ եղանակին մնացել: Բայց խնդիրը ես չեմ, թե ինչ եմ արել: Մեր ժողովուրդը լավն է, բայց նրան մի այնպիսի տեղ են դրել, որ չի կարողանում ճիշտ կողմնորոշվել: Դա տեխնոլոգիա է: Ես ինչ կարող եմ անել, դա շատ քիչ է, որովհետեւ մենք համակարգի մեջ չկանք: Համակարգային մոտեցում չկա: Ոչ մի արդյունավետ բան չի լինի: Հարցը տվեք վարչապետին, թե ինչ է անում ինքը: Ինքը Եվրոպայում էր, տարբեր տեղեր հանդիպումներ էր ունենում: Մեզանից բացի ոչ մեկը մեղավոր չի: Ասում են՝ մեզ չօգնեցին: Իսկ դուք ի՞նչ ենք արել, ի՞նչ պայմաններ եք ստեղծել, որ մեզ օգնեն: Կամ ԱԳ նախարարը Թուրքիայում էր: Բոլոր հանդիպումներին, հայտարարություններին հետեւել եմ ու չեմ հասկացել, թե ո՞նց է, որ խնդիրներ չէր դնում, ո՞նց էր, որ իր սիրտը չէր ցավում: Ցեղասպանությունն ընդհանրապես է մոռացվել, Արցախը թողել են մի կողմ չգիտեմ ում համար: Ու ի՞նչ հարցեր են առաջ քաշում: Ադրբեջանը հինգ հարց է տալիս: Մեր հարցերն այդպես էլ չկարողացա գտնել, թե մենք ինչ ենք ուզում:
Սփյուռք-Հայաստան կապ գոյություն չունի: Իսկ դա ինչ ուժ է: Սփյուռքը կործանվեց այսօրվա իշխանության օրոք: Սա ցավով եմ ասում: Իսկ ես չեմ կարող չգալ, չօգնել: Հայրենասիրությունը միայն իշխանություն վերցնել եւ զոռով պահելը չէ: Հայրենասիրությունը ազգի շուրջ հավաքվելն է, ազգի համար աշխատելն է: Ես ոչ մի բանի կարիք չունեմ, բայց այսօր այստեղ եմ: Ես ոչ մեկին դեմ չեմ: Մենք պետք է միավորվենք: Առաջին հերթին այսօրվա իշխանությանն է պետք ճիշտ որոշումներ կայացնել: Թե՞ ուզում են բոլորին պահել ողորմելի վիճակում, որպեսզի իրենք որպես եսիմ ինչ երեւան: Իրենք չեն պատկերացնում, թե ինչ է իշխանությունը, ինչ է պետությունը, պետականությունը: Ազգային շահ ընդհանրապես չունեն: Ավելին ասեմ. իրենք չեն իմանում ինչպես պետություն կառուցել»,- ասաց նա:
Եվ հետո, անընդհատ Ռուսաստանին մեղադրելը, թե մեզ չի օգնում: Ռուսաստանը օգնում է նրանց, ովքեր ճիշտ հարցեր են դնում, ժամանակին եւ փոխշահավետ: Ասես, մանկապարտեզ լինի: Իսկ դուք ի՞նչ արեցիք, որ իրենք օգնեն»:
Կարդացեք նաև
Արա Աբրահամյանը նաեւ տարակուսանք հայտնեց, որ իրենց ծրագրերի մասին կառավարությունը տեղյակ է, տեղյակ պահել նաեւ այսօրվա ասուլիսի մասին, սակայն ոչ մի արձագանք չկա: «Գոնե կառավարությունից պահակի օգնականը գար ու լսեր, թե ինչի մասին է խոսքը»,- դժգոհեց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ