Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա Պուտինի ու իր օլիգարխների պատերազմն է». ի՞նչ կորոշի ԵԽԽՎ-ն ՌԴ-ի անդամակցության հարցով. թեժ քննարկում՝ ընդդեմ ՌԴ-ի

Մարտ 15,2022 22:11

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) արտահերթ նստաշրջանի՝  մարտի 15-ի լիագումար նիստի ընթացքում ողջ օրը ԵԽԽՎ-ում հնչեցին հակառուսական ելույթներ՝ քննադատելով Ռուսաստանին՝ մասնավորապես Պուտինին Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու համար:

Այժմ էլ այդ ելույթները շարունակվում են. ԵԽԽՎ-ում անցկացվում է «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի հետևանքները» թեմայով հրատապ ընթացակարգով քննարկում: Այն կավարտվի Երևանի ժամանակով ժամը 23.30-ին: Այս քննարկման արդյունքում քվեարկության կդրվի նորվեգացի պատվիրակ Ինյերդ Շոուի համանուն զեկույցը:

Փաստաթղթի եզրափակիչ հատվածում ամրագրված է. «Եվրոպական ընտանիքում ագրեսորի համար տեղ չկա: Նախարարների կոմիտեն պետք է պահանջի Ռուսաստանի Դաշնությանը դուրս գալ Եվրոպայի խորհրդից։ Եթե ​​Ռուսաստանի Դաշնությունը չկատարի պահանջը, Նախարարների կոմիտեն պետք է նախատեսի այն ժամկետը, որից հետո անհապաղ Ռուսաստանի Դաշնությունը կդադարի լինել Եվրոպայի խորհրդի անդամ»:

Տեղեկացնենք՝ ԵԽ Նախարարների կոմիտեն որոշում է կայացրել ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության աշխատանքները դադարեցնելու մասին:

ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարել էր՝ Նախարարների կոմիտեի որոշումից հետո ԵԽԽՎ-ն պետք է որոշի՝ արդյոք թողնում է Նախարարների կոմիտեի որոշումն ուժի մեջ, և ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության աշխատանքները շարունակում են մնալ դադարեցվա՞ծ, թե՞ որոշում է կայացնում ընդհանրապես Ռուսաստանին ԵԽ-ից դուրս հանելու մասին:

Վեհաժողովում ելույթ ունեցող պատվիրակները հիմնականում միակարծիք են՝ ՌԴ-ին պետք է «դուրս շպրտել» Եվրոպայի խորհրդից:

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալն իր առցանց ելույթում կոչ էր արել Վեհաժողովին անհապաղ Ռուսաստանին դուրս հանել Եվրոպայի խորհրդից:

Իտալացի պատվիրակ Պերո Ֆասսինոն, թեև սուր քննադատության ենթարկեց Ռուսաստանին իր բնութագրմամբ Ուկրաինա ներխուժելու համար, սակայն մյուս կողմից էլ կարևորեց. «Պետք է երաշխավորենք ՌԴ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը և ճանապարհներ գտնենք ՌԴ քաղհասարակության հետ համագործակցության համար»:

Իռլանդացի պատվիրակ Ջոզեֆ Օրելլին հայտարարեց. «Ռուսաստանը ո′չ բարոյական, ո′չ իրավական և ո′չ քաղաքական իրավունք այլևս չունի լինել այս կառույցի անդամ»:

Գերմանիայի պատվիրակ Անդրեյ Հունկոն շեշտեց՝ պետք է չանտեսել ռուս հասարակության այն հատվածին, որոնք դեմ են պատերազմին:

Մեծ Բրիտանիան ներկայացնող պատվիրակ Ջոն Հովելն ասաց. «Միանշանակ է, որ Ռուսաստանին պետք է դուրս հանել մեր կազմակերպությունից: Մենք փորձել եք կամուրջներ կառուցել ՌԴ-ի հետ, բայց չի ստացվել»:

Նա փաստեց՝ պատժամիջոցների՝ ներկայացված փաթեթն ամենամեծն է, որը երբևէ Եվրոպայի խորհուրդը պատրաստել է:

Գերմանացի պատվիրակ Ֆիլիզ Փոլատը հայտարարեց՝ իհարկե, պետք է Ռուսաստանը իզոլացվի, սակայն չպետք է մոռանան Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության մասին:

Հույն պատվիրակ Թեոդորա Բակոյանիսը խստորեն դատապարտեց ՌԴ-ին ու վստահեցրեց՝ ՌԴ-ի ոտնձգությունները Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ներում ու արդարացում չունեն:

Ուկրաինայի պատվիրակության 9 կին անդամներ մասնակցում են արտահերթ նստաշրջանին: Լարիսա Բիլոզիրը ԵԽԽՎ դահլիճում է իր երկու մանկահասակ դուստրերի հետ: Նա հուզիչ ելույթ ունեցավ, թե իր երեխաները զրկված են տնից, դպրոց գնալու իրավունքից, անվտանգությունից: Բոլոր պատվիրակները ծափահարեցին նրան:

Ուկրաինացի մյուս կին պատգամավորը՝ Յելիզավետա Յասկոն հայտարարեց՝ ինքը ՌԴ-ի պատճառով կորցրել է իր սիրելիին՝ Միխեիլ Սաակաշվիլիին, քանի որ նրա քաղաքացիական կինն է, կորցրել է իր երկրի անվտանգությունը՝ կրկին Պուտինի պատճառով: Նա ասաց, թե հավատում է, որ ԵԽԽՎ-ում իրենց աջակցում են, բայց նկատեց՝ պետք է մասին գործել և մտածել՝ ինչպես կարելի է կառուցել ուժեղ անվտանգային համակարգ: Նա առաջարկեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին արժանացնել Նոբելյան մրցանակի:

Ուկրաինական պատվիրակության անդամ Ալեքսեյ Գոնչարենկոն էլ տեսակապի միջոցով իր ուղերձը հղեց մարտի դաշտից: Նա վստահեցրեց՝ միասին պետք է պայքարեն ՌԴ-ի դեմ, քանի որ սա ոչ թե ռուս-ուկրաինական պատերազմն է, այլ համաշխարհային: Նա հորդորեց իրենց զենք տրամադրել, ինքնաթիռներ և փակել Ուկրաինայի օդը:

ԵԽԽՎ պատվիրակներից շատերն ասում էին, թե սա Պուտինի ու նրա օլիգարխների պատերազմն է, Պուտինն իր դեմքն է ցույց տալիս: Արտահերթ լիագումար նիստի ավարտին ԵԽԽՎ-ն կարծիք կընդունի, որը կուղղվի Նախարարների կոմիտեին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031