«Ռուսաստանի հայերի միության» նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի դեսպան Արա Աբրահամյանը կրկին Հայաստանում է: Այս անգամ նա հայրենիք եկել է ամերիկյան հայտնի ընկերություններից մեկի ղեկավար, իր մտերիմ բարեկամ եւ գործընկեր Լիզա Ռոսկինսի հետ՝ Հայաստանում գյուղատնտեսական, բժշկական եւ գիտակրթական խոշոր ծրագրեր իրականացնելու նպատակով:
Այսօր այդ առիթով հրավիրված ասուլիսում Արա Աբրահամյանը տեղեկացրեց, որ այստեղ են գտնվում նախապես կազմված ծրագրի շրջանակներում: «Մենք ԱՄՆ-ում ստեղծել ենք գյուղատնտեսական տեխնոլոգիաների եւ առողջապահական տեխնոլոգիաների հիմնադրամ, որի նախագահը Լիզա Ռոսկինսն է: Ես եղել եմ ԱՄՆ-ում ամենավերջին տեխնոլոգիաներով կառուցված օնկոլոգիական կենտրոնում եւ որ պակաս կարեւոր չէ, բժիշկների վերապատրաստման կենտրոնում: Այդպիսի երկրորդ կենտրոն ամբողջ աշխարհում գոյություն չունի: Ես երկու տարի աշխատում եմ, որ Հայաստանում նույնպես կառուցենք միջազգային ամենաբարձր տեխնոլոգիաներով այդպիսի օնկոլոգիական կենտրոն: Այդ գործը գլուխ բերելու համար համագործակցություն ենք հաստատել ԱՄՆ-ի կառավարության եւ պետական դեպարտամենտի հետ եւ այդ գործում անչափ արդյունավետ է Լիզա Ռոսկինսի աշխատանքը:
Հայաստանը նաեւ գյուղատնտեսական տեխնոլոգիաների շատ մեծ կարիք ունի: Եվ ԱՄՆ-ի մեր հիմնադրամը, ինչին տիրապետում է, դա գյուղատնտեսության վաղվա օրն է: Ի դեպ, տիկին Լիզայի ղեկավարած ընկերությունը աշխարհի տարբեր ամենազարգացած երկրներում ծրագրեր իրականացնելու փորձ եւ մեծ պահանջարկ ունի:
Մեր հաջորդ ծրագիրը, որի մասին կուզենայի խոսել, այն է, որ այս տարվա ընթացքում նախատեսում ենք Հայաստանում անցկացնել «Արարատյան ալյանս» համաժողովը, կառուցել ուղեղային կենտրոն-ինստիտուտ, որը կզբաղվի բոլոր այն հարցերով, որոնք կապված են Հայաստանի հետ ներսում եւ դրսում: Դա նշանակում է, որ գծելու ենք մեր ճանապարհային քարտեզը, միավորելու ենք Հայաստանի, սփյուռքի բոլոր ուժերը՝ նրանց, ովքեր սիրում են հայրենիքը, գիտեն ու կրում են Հայաստան, ազգային շահ հասկացությունները: Մենք ուզում ենք միավորել նաեւ աշխարհի մեր բարեկամ երկրների բազմաբովանդակ գիտական ներուժը, ստեղծել «Թվային Հայաստան» գիտական կենտրոն: Ահա այսպիսի ծրագրերով ենք մենք Լիզա Ռոսկինսի հետ գտնվում Հայաստանում»,-ասաց Արա Աբրահամյանը:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին, թե բիզնեսը, ներդրումները տվյալ երկրում կայունություն եւ հեռանկարներ է սիրում: Այս առումով Հայաստանում ռիսկեր,,արդյոք. տեսնո՞ւմ է, Լիզա Ռոսկինսը պատասխանեց. «Մեր դիտանկյունը հետեւյալն է. մենք ի՞նչ կարող ենք անել, ինչպե՞ս կարող ենք օժանդակել կրթության, առողջապահության ոլորտներում նոր ձեռնարկներ առաջադրել: Այո, կայունությունը եւ երկար ժամանակ հեռանկարները շատ կարեւոր են մեր նախաձեռնության համար: Երբ դիտարկում ենք առողջապահության կամ կրթության ոլորտում ներդրումները, հույժ կարեւոր է հաշվի առնել, որ մեր նպատակն է՝ նպաստել այդ ոլորտների զարգացմանը խթանող գործողություններ: Մենք ի՞նչ ենք առաջարկել: Առաջարկել ենք մեր համալսարանի փորձագիտական հմտությունները, փորձը եւ գիտելիքները ի նպաստ դնել այս գործին, քանի որ մեր համալսարանը այս ամենը միացրել է, համատեղ ջանքերով է հասել այս ամենին եւ պատրաստ է կիսվել ձեր հետ: Ուզում ենք այդ փորձով կիսվել ձեր հետ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ