Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր մասնագիտությունը հրաշալի հնարավորություն է հասկանալ աշխարհն ու դառնալ ավելի լավը. Կարեն Շահգալդյան

Մարտ 15,2022 18:45

Կարեն Շահգալդյանն առաջատար հայ ջութակահար է: Տարիների ընթացքում Կարեն Շահգալդյանը շրջագայել է տարբեր երկրներում հանրահայտ «Խաչատրյանի անվան Տրիոյի» կազմում, որը կատարում է լայն սպեկտրի երաժշտական ստեղծագործություններ, ինչպես նաև մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի գործերը:

Կարեն Շահգալդյանը «Պաբլո Սարասատե» միջազգային մրցույթի (Իսպանիա) դափնեկիր է: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և ասպիրանտուրան:

Մասնակցել է Յ.Մենուհինի, Վ.Սպիվակովի, Գ.Ժիսլինի վարպետության դասերին: Հանդես է եկել Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած «Մոսկվայի Վիրտուոզներ» անվանի նվագախմբի կազմում: Նվագել է այնպիսի հեղինակավոր հարթակներում, ինչպիսիք են Նյու  Յորքի Carnegie Hall-ը,  Մոսկվայի Bolshoy Hall-ը, Լոնդոնի Purcell Room-ը և Տոկիոյի Opera City Hall-ը: Կարեն Շահգալդյանի մասնակցությամբ համերգների աշխարհագրությունը ներառում է ավելի քան երկու հարյուր քաղաքներ աշխարհի տարբեր երկրներում:

-Ավելի քան 20 տարի է՝ Դուք հանդիսանում եք աշխարհահռչակ «Խաչատրյանի անվան Տրիոյի» անդամ: Պատմեք ձեր առաջին հանդիպման մասին, ինչի՞ց ամեն ինչ սկսվեց:

-Այո, հիմա հետաքրքիր է հիշել՝ ինչից ենք սկսել: Շատ լավ եմ հիշում մեր առաջին քայլերը. առաջին հանդիպումը, առաջին փորձը, առաջին համերգը… Մինչ այդ պահն արդեն ունեի կամերային երաժշտություն կատարելու փորձ մեծանուն երաժիշտների հետ տարբեր երկրներում, և ես գիտեի՝ ինչպես դա կարող է լինել: Ամենաշատն ինչ ինձ տպավորեց, այն է, որ առաջին իսկ փորձի ժամանակ զգացի, որ մենք ի սկզբանե «շնչում էինք» միասին:

-Ձեր կարծիքով Արամ Խաչատուրյանի արվեստում ի՞նչն է առավել գրավիչը: 

-Հեշտ չէ նկարագրել Խաչատուրյանի դերը, քանի որ նա հսկայական թռիչք կատարեց հայկական դասական երաժշտության մեջ: Իրենից առաջ Կոմիտասն էր, ով սկսեց «խոսել» աշխարհի հետ հայկական երաժշտության լեզվով, այնուհետև Խաչատուրյանը դարձրեց այդ լեզուն շատ հանրահռչակ: Երբ հանդես էի գալիս որպես մենակատար և տրիոյի կազմում, շատ հաճախ աշխարհի տարբեր երկրների մարդկանցից լսում էի, որ նրանք իմացել են Հայաստանի մասին հենց Խաչատուրյանի երաժշտության շնորհիվ: Եվ, իհարկե, ինքը շատ հետաքրքիր է որպես կոմպոզիտոր: Հատկապես, եթե դուք լսեք ոչ միայն նրա շեդեւր ստեղծագործություններ «Սպարտակ» կամ «Գայանե» բալետները և Կոնցերտը ջութակի համար, այլև՝ ավելի վաղ գրված ստեղծագործությունները:

-Բոլորովին վերջերս լրացավ Տրիոյի 20-ամյակը: Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է նրա հաջողության գաղտնիքը:

-Գաղտնիքը շատ պարզ է: Պատկերացրեք՝ ինչպես են մարդիկ միասին ապրում քսան, երեսուն, հիսուն տարի: Դուք պետք է ուշադիր լինենք միմյանց նկատմամբ, լսեք մեկդ մյուսին, օգնեք, փնտրեք փոխզիջումներ… Հնարավոր չէ լինել էգոիստ, եթե դու միայնակ չես: Երաժշտությունը դա հարմոնիայի ձև է, և ինձ համար դա հրաշալի օրինակ է, թե ինչպես պետք է կառուցես կյանքդ:

-Դուք շատ եք ելույթ ունենում ե՛ւ որպես անհատ կատարող, ե՛ւ Տրիոյի կազմում: Ինչպ՞ես է Ձեզ հաջողվում «վերատրամադրվել» համերգների ընթացքում:

 – Այո, դա դաշնամուրային տրիոների առանձնահատկությունն է: Ես համարում եմ, որ շատ օգտակար է, երբ բոլոր երաժիշտները մենակատարներ են և ինքնուրույն անհատներ: Ի տարբերություն լարային քառյակներում նվագելուն, երբ պետք է գտնել միջոց, որպեսզի «կառավարես» սեփական անհատականությունդ, թույլ տաս, որ այն ամրապնդվի և համոզվես, որ քո անհատականությունը լավ համընկնում է լարային գործիքների խմբի մնացած անդամների հետ, դաշնամուրային տրիոյի երաժիշտներն ավելի շատ տարբերվում են մեկը մյուսից, և դա, անպայման, հնարավորություն է տալիս միանգամից լինել մենակատար անսամբլի ներսում:

-Դուք ելույթ եք ունեցել ամենահայտնի համերգային հարթակներում: Դրանցից որո՞նք են ամենաշատը հիշվում և ինչո՞ւ : 

– Այո, իհարկե, կան կարևոր համերգասրահներ ու դահլիճներ, որոնք մնում են հիշողության մեջ երկար տարիներ: Մեզ համար այդպիսիք եք Musikverein (Վիենա), Laeiszhalle (Համբուրգ), Սանտորի-հոլը (Տոկիո), Մոսկվայի կոնսերվատորիան, Քերներ հոլը Տորոնտոյում… Բեմում գտնվող յուրաքանչյուր երաժիշտի համար դա հատուկ պահ է, երբ կարելի է զգալ դահլիճի ակուստիկայի միահյուսումը նրա պատմության և ճարտարապետության հետ: Եվ հենց դա այն պահն է, երբ հասկանում եք, որ Բրամսը, Չայկովսկին կամ Ռախմանինովը նվագել են այդ նույն բեմում ձեր ելույթից շատ ավելի վաղ:

-Դուք աշխատել եք փառատոնների ու համերգների բազմաթիվ կազմակերպիչների հետ, պատմեք իրենց մասին:     

-Դասական երաժշտության պատմությունը, դա երաժիշտներին և կոմպոզիտորներին աջակցելու և նրանց հետ գործակցելու պատմությունն է, սկզբում դա անում էին թագավորներն ու դուքսերը, այնուհետև՝ կառավարությունների անդամները, իսկ մեր ժամանակներում՝ տարբեր կազմակերպություններն ու գործարարները: Տարիների ընթացքում մեզ (Խաչատրյանի անվան Տրիոյին) աջակցել են հրաշալի մարդիկ, որոնք հավատացել են մեր նախագծին և որոշել են օգնել: Խոսքը Լոնդոնում մեր ընկեր Ասադուր Գյուզելյանի մասին է, բարերարի, որն Արամ Խաչատուրյանի մտերիմ ընկերն է եղել, Ռուսաստանում «Հենդերսոն» ընկերության և նրա սեփականատեր Ռուբեն Հարությունյանի մասին է, ով դասական երաժշտության մեծ սիրահար է, բանկիր և ֆինանսիստ, Հայաստանի ջատագով Արտեմ Կոստանդյանի,և, իհարկե, «Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի» (EUFSC)  և նրա նախագահ Կոնստանտին Իշխանովի մասին է: Նույնիսկ վերջին երկու տարիներին, որոնք չափազանց դժվար էին շատ երաժիշտների համար COVID-19 սահմանափակումների պատճառով, մենք ունեցել ենք բազմաթիվ հնարավորություններ համերգներով հանդես գալու հենց Կոնստանտին Իշխանովի գործունեության շնորհիվ: Այս տարի մենք նախատեսել ենք քսան համերգ՝ EUFSC-ի աջակցությամբ, և դա հրաշալի է:

-Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ ջութակահարներին այսօր:

-Մի անգամ իմ ուսուցչուհի, վաստակավոր պրոֆեսոր Մայա Գլեզարովան ասաց ինձ. «Չնվագես ջութակ գումար վաստակելու համար: Նվագիր ջութակ, որպեսզի կարողանաս ինչ-որ բան իմանալ քո մասին, ուսումնասիրել մեծ կոմպոզիտորների թողած ժառանգությունը, ճանաչել երաժշտությունը և կյանքը: Լավ երաժիշտ լինելը մեծ պատիվ և ուրախություն է: Եթե դու սովորես իդեալական նվագել, հնարավոր է, ինչ-որ բան վաստակես, բայց դա չպետք է լինի նպատակ»: Ես ամբողջովին նրա հետ համաձայն եմ: Մեր մասնագիտությունը հրաշալի հնարավորություն է հասկանալ աշխարհն ու դառնալ ավելի լավը: Ահա թե ինչու դուք պետք է շարունակեք աշխատել ձեզ վրա, զարգանալ որպես անհատ երաժշտության, գրքերի, ֆիլմեր և ճիշտ շրջապատի շնորհիվ… Եղեք բաց և սիրեք կյանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031