Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց արդեն ՆԱՏՕ-ից ակնարկել են, որ «բաց դռների» քաղաքականությունն Ուկրաինայի վրա չի տարածվում: Այդ մասին նա ասել է Միավորված էքսպեդիցիոն ուժերին ուղղված իր ելույթում:
«Հասկանալի է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, մենք դա հասկանում ենք, մենք ադեկվատ մարդիկ ենք: Տարիներով մենք լսել ենք բաց դռների մասին, բայց հիմա մենք նաև լսեցինք, որ մենք այնտեղ չենք մտնի, և պետք է դա ընդունել: Ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդը սկսում է դա հասկանալ և հույսը դնել սեփական ուժերի և մեր գործընկերների վրա, ովքեր մեզ օգնում են»,- ասել է Զելենսկին:
Այնուամենայնիվ, Զելենսկին ևս մեկ անգամ կոչ է արել փակել Ուկրաինայի երկինքը, բայց միաժամանակ նշել է, որ դրական արձագանքի հավանականությունը մեծ չէ:
«Ուկրաինան այժմ չի հավակնում, որ կգործի ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածը: Մենք միշտ ասում ենք, որ մեր երկինքը պետք է պաշտպանել այնպես, ինչպես որ Դաշինքի երկինքը, բայց մենք հասկանում ենք, որ միշտ կա «ոչ» և ինչպիսին կլինի Դաշինքի պատասխանը, եթե նրանք արդեն Եվրոպայի արևելքում դիմում են պաշտպանության համար: Եթե նրանց մոտ կարող են թռչել ռուսական հրթիռներ, և Աստված մի արասցե, ռուսական ինքնաթիռներ: Ռուսաստանը հարվածել է մեր Լվովի մարզին՝ հրթիռային հարված ՆԱՏՕ-ի սահմանից 20 կմ հեռավորության վրա: Դաշինքի տարածքում արդեն խոցվել են ռուսական անօդաչուներ»,- ասել է Զելենսկին:
Կարդացեք նաև
Ուկրաինայի նախագահը նաև կիսվել է իր տեսլականով՝ ինչպես է հնարավոր կանգնեցնել ռուսական ագրեսիան, Ուկրաինայի դեմ պատերազմը և ստեղծել անվտանգության նոր երաշխիքներ:
«Ռուսական ռազմական մեքենան դեռ հնարավոր է կանգնեցնել: Դեռ հնարավոր է կանգնեցնել մարդկանց սպանությունները: Եվ դուք տեսնում եք՝ ինչպես ենք մենք պայքարում: Եվ ձեզ հետ հաստատ ավելի հեշտ կլինի: Եվ որ ամենակարևորն է, դադարեցնել ժողովրդավարության փլուզումը: Դադարեցնել հիմա, մեր հողի վրա, հակառակ դեպքում նրանք ձեզ կհասնեն»,- ասել է Զելենսկին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ