Հարցին՝ երկրից կա՞ տարադրամի արտահոսք, կա՞ն սահմանափակումներ տարադրամը երկրից դուրս հանելու, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը պատասխանեց՝ այս փուլում տարադրամի արտահոսքի հետ կապված խնդիրներ չկան. «Դրա կարիքը չկա, ես գիտեմ, որ կան երկրներ, որոնք կանխիկ տարադրամի արտահոսքի վերաբերյալ որոշակի սահմանափակումներ են կիրառում: Բայց որ Կենտրոնական բանկը տարբեր դիրեկտիվներով կարգավորի այդ իրավիճակը՝ այս պահին դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում»:
ԿԲ նախագահն այսօր լրագրողների հարցերին պատասխանեց ԿԲ-ում տեղի ունեցած ասուլիսում:
ԿԲ նախագահին փոխանցեցին նաեւ քաղաքացիների բողոքները, համաձայն որոնց, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բանկը ավանդները եւ փոխանցումները, որոնք տարադրամով են, չի տալիս, այլ տալիս է միայն դրամով: Սրա առնչությամբ ԿԲ ղեկավարն ասաց, որ նման տեղեկատվություն չեն ստացել. «Կծանոթանամ, եթե ինչ-որ անհրաժեշտություն լինի միջամտելու…: Թույլ տվեք՝ կասկածանքով մոտենամ այն հարցին, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին հնարավոր է իրավիճակ, որ մարդկանց ավանդները որեւէ բանկ չվերադարձնի»:
Հարցին՝ ռուսական խոշոր ներդրումային ընկերությունները ինչպիսի՞ խնդիրներ ունեն, արդյո՞ք վտանգ կա բիզնեսը դադարեցնելու կամ՝ տեղափոխելու, պարոն Գալստյանն ասաց, որ այս պահի դրությամբ ռուսական ներդրումային ընկերությունները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը, քանի որ նրանց մեծ մասը՝ էներգետիկ, տրանսպորտային եւ այլն, այնպիսի գործունեություն չեն իրականացնում, որը կապ ունի պատժամիջոցների հետ: Բայց ԿԲ նախագահը չբացառեց, որ Ռուսաստանից եկող ազդակները բացասական հետեւանքներ կթողնեն մեր տնտեսության վրա էլ:
Կարդացեք նաև
Մարտին Գալստյանից նաեւ հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ են խնդիրներ ունենում ՌԴ քաղաքացիները, որոնք ուզում են բանկային հաշիվներ բացել Հայաստանում: Ի պատասխան՝ ԿԲ ղեկավարն ասաց, որ ցանկացած բանկային համակարգում՝ անկախ այս պատժամիջոցներից, ոչ ռեզիդենտների նկատմամբ պահանջները լինում են ավելի խիստ, քան՝ ռեզիդենտների. «Բանկերի կողմից նոր հաճախորդների գրանցումը տեղի է ունենում պատշաճ ընթացակարգերի համաձայն, ինչը նշանակում է, որ բանկերը փորձում են ուսումնասիրել իրենց հաճախորդներին, փորձում են հասկանալ՝ նրանք տարանցիկ հաճախորդնե՞ր են, թե՞ այդ հաճախորդների տնտեսական շահի կենտրոնը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը»:
Մարտին Գալստյանի տվյալներով՝ շուրջ 6500 ոչ ռեզիդենտ արդեն մուտք է գործել Հայաստանի բանկային համակարգ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ