Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեւանի ավագանին 42 կողմ ձայնով ընդունեց Մարությանի օրոք իրականացված ծրագրի կատարողականը

Մարտ 15,2022 17:52

«Իսկապես հետաքրքիր իրավիճակում ենք հայտնվել, երբ քննարկում ենք նախորդ տարվա կատարողականը, որը գրեթե ամբողջությամբ իրականացվել է նախորդ քաղաքապետի կողմից, ում անվստահություն հայտնեցինք երեք ամիս առաջ»,-այսօր Երեւանի ավագանու նիստում իր ելույթի ժամանակ ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ «Երեւանի զարգացման 2021 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին»   որոշման նախագծի քննարկման ժամանակ։

Խաժակյանը թվեր ներկայացրեց, որով համեմատեց անցած տարիների կատարողականները․«2018-ին, որը համարվում էր անցումային տարի, եւ ենթադրվում էր, որ պետք է լիներ ամենավատը,Երեւան քաղաքի բյուջեի ծախսերի կատարողականը կազմել էր 78% տոկոս, 2019-ին՝ 79% , 2020-ին, որը պատերազմական եւ քովիդյան տարի էր՝ 55 %: Ակնկալվում էր, որ 2021-ը, ինչպես ասում են՝ կուտակված փորձով, գոնե հիմնական ճգնաժամային իրադրությունը հաղթահարած, պետք է լիներ ավելի լավը, քան առնվազն 2018 թվականը։ Բայց այն կազմել է 73,3%։ Այսինքն` մենք ունենք կայուն հետընթաց, ինչը նշանակում է, որ նախորդ տարի մեր կայացրած որոշումը եւ այդ  փոփոխությունը ճիշտ էր։ Սա վարչական շրջանները ներառյալ, եթե վերցնեինք միայն քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթները, ապա կատարողականը կլինի 68,8%»,-ասաց Խաժակյանը։

Նրա խոսքով՝ կատարողականը չապահովելու պատճառները կարող են տարբեր լինել, բայց, եթե չկա քաղաքապետի հետեւողականությունն ու ուշադրությունը, ապա կատարողականը չի ապահովվելու։ Նա, իր խոսքը հաստատելու համար, կրկին թվեր ներկայացրեց՝ այգիների կահավորման համար ավագանին 446 միլիոն դրամ է տրամադրել, սակայն ծախսվել է 107 միլիոնը, հանգստի գոտիների եւ զբոսայգիների պահպանման եւ կառուցման համար նախատեսված բյուջեի կատարողականը կազմել է 62%։

«Ես այս դեպքում  կոչ չեմ անի դեմ քվեարկել այս կատարողականին, որովհետեւ  քննարկում ենք նախորդ քաղաքապետի կատարողականը: Բայց կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ մեր քաղաքացիները տեսնեն ու լսեն սա եւ հասկանան  տարբերությունները։ Կարծում եմ՝ մենք ճիշտ ճանապարհին ենք։ Ես  հույս ունեմ, որ 2022-ին մենք ավելի բարձր հայացքով կնայենք մեր քաղաքացիներին եւ կասենք, որ անցած երեք տարիների բացթողումները կարողացանք շտկել։ Բայց այսպիսի կատարողականներով մենք հեռու գնալ չենք կարող, մենք դեմ ենք քվեարկելու»,-ասաց Խաժակյանը։

Այդուհանդերձ,  Երեւանի ավագանին 42 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունեց։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031