Ermenihaber. Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն միտված գործընթացին:
Չելիքը, նշելով, որ Հայաստանի հետ կարգավորումն այն թեմաներից է, որին հետևում են տարածաշրջանում և Եվրոպայում, նախ անդրադարձել է ցեղասպանության թեմային:
«Գիտեք, որ սփյուռքի ու մի շարք ցեղասպանության պնդումներ անողների թեզերին ի պատասխան՝ մեր նախագահը շատ հզոր հայտարարություններ է արել մեր արխիվները բացելու ու թեման քաղաքականությունից դուրս պահելու վերաբերյալ»,- ասել է Չելիքը:
Այնուհետև նա հիշել է 2009-ի հայ-թուրքական արձանագրություններն ու դրանց տապալման համար մեղադրել հայկական կողմին:
Կարդացեք նաև
Խոսելով ներկա իրավիճակի մասին՝ Չելիքն ասել է, որ կարգավորման գործընթացը հնարավոր է, եթե «Հայաստանը հրաժարվի ագրեսիվ դիրքորոշումներից»:
«Այսպիսով` Ադրբեջանի մեր եղբայրների հավանությամբ, մեր նախագահի ու պարոն Ալիևի առաջարկած հեռանկարներով ողջ տարածաշրջանում ժողովուրդների համատեղ ապագային միտված, բախումներից ու ագրեսիայից խուսափել պարտադրող հնարավորության պատուհան է բացվել»,- եզրափակել է Չելիքը: