«Այնպես ներկայացրեցիք 2021 թվականի կատարողականը, որ ուզում եմ կրկնել հայտնի խոսքը՝ յա, իրո՞ք, ժողովուրդ։ Մոռացե՞լ եք՝ ուղիղ երկու ամիս առաջ այս դահլիճում ի՞նչ էր կատարվում: Ես, ի դեպ, ավագանու այն անդամներից եմ, որ միացա ձեզ, քվեարկեցի այս կատարողականի ու այս զարգացման ծրագիրը կատարած քաղաքապետի անվստահության համար»,-այսպես արձագանքեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը՝ ավագանու նիստում ավագանու հաստատմանը ներկայացված «Երեւանի զարգացման 2021 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» որոշման նախագծին։
Ընդ որում, նախագիծը ներկայացնելիս քաղաքապետարանի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչություն պետի ԺՊ Մերի Հարությունյանը ներկայացրեց մի շարք աշխատանքներ, որոնք, ըստ նախագծի, կատարվել են՝ դրանք են՝ ասֆալտապատում, եզրաքարերի եւ մայթերի սալիկների տեղադրում, բակային բարեկարգում, կամուրջների նորոգում, եւ հիմնանորոգում, դպրոցների, մանկապարտեզների, բուժհաստատությունների հիմնանորոգում եւ այլն։
«Հիմա այս դահլիճում մենք ոգեւորված քննարկում եւ քվեարկելու ենք Հայկ Մարությանի 2021 թվականի բյուջեի կատարողականն ու զարգացման ծրագիրը: Ներողություն, ժողովուրդ ջան, բա դուք ասում էիք՝ քաղաքական է մեր որոշումը, հետո սկսեցիք Հայկ Մարությանի վատ աշխատանքի արդյունքները ներկայացնել, բայց ես ձեզ չեմ միացել քաղաքական դրդապատճառներից ելնելով։ Ես Հայկ Մարությանի անվստահությանը միացել եմ վատ աշխատանքի, բյուջեի թերակատարման ու զարգացման ծրագրի վատ կատարման համար։ Ի տարբերություն ձեզ, ես Հայկ Մարությանի՝ զարգացման ծրագրին ու բյուջեի կատարողականին կողմ չեմ քվեարկելու»,-ասաց Անի Խաչատրյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ