Մամուլում հրապարակումներ եղան, որ հակառակորդը Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ առաջ է եկել։ Պաշտպանության նախարարությունը հերքեց տեղեկատվությունը՝ նշելով, որ ոչ մի առաջխաղացում չկա։ «Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ, չնայած առաջխաղացմանը, անզեն աչքով հակառակորդը գյուղից չի երևում։ «Առաջխաղացում կա։ Բայց այնպես չէ որ գերեզմանոցին, աղբյուրին մոտիկ են։ Խմելու ջրատարն է իրենց դիտարկման տակ, եթե խցանում կամ վթար լինի, չենք կարող մոտենալ»,-ասել է Խաչիկ Բաղդասարյանը։ Ըստ նրա՝ հակառակորդը նոր դիրք է դրել, որը գյուղի գերեզմանոցից հեռու է մոտ 1 կմ։ «Մերոնք էլ են դիրք դրել իրենց նոր դիրքի դիմաց, բայց էլի երկու դիրքի անհրաժեշտություն կա ՝ կարծում եմ»,-ասում է վարչական ղեկավարը։
«Կրակոցներ չկան։ Իրենք հեռու են, իրենց չենք էլ տեսնում։ Մեր գյուղը փոսի մեջ է, իրենք սարերի բարձունքում են, վտանգը միշտ սպասվում է։ Եթե իրենք մոտիկացել են, մտել են մեր տարածք, մեր խմելու ջուրը վերևից է գալիս, որ իրենց տեսադաշտում է, մեր արոտավայրերն են։ Մարդ կա, էդ տարածքում հողամաս ունի, վախենում է գնալ էդ հողը օգտագործի։ Խնդիրներ են, որ առաջացել են»,-նշում է Խաչիկ Բաղդասարյանը։
Ինչ վերաբերում է գյուղացիներին, ապա՝ խուճապ չկա։ «Մարդիկ են՝ մտածում են, անհանգստանում են։ Էլի եմ ասում, մարդու տնամերձը գերեզմանոցից մի քիչ վերեւ է, բայց ռիսկ չի անում՝ գնա, որ օգտագործի։ Տնկիներ են հատկացրել, պիտի տանեն էդ տարածքի այգիներում տնկեն՝ վախենում են։ Խնդիրներ կան, կարող է՝ ցույց չեն տալիս խուճապը, բայց անհանգիստ են»,-եզրափակեց Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ