Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ ԱԳՆ-ի դիմումը ԵԱՀԿ ՄԽ-ին, կարծում եմ, ենթադրում է նոր գործընթաց». Նելլի Բաղդասարյան

Մարտ 15,2022 17:45

«ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով ՀՀ ԱԳՆ կողմից ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը հղված դիմումը, կարծում եմ, ենթադրում է նոր գործընթաց:  Հարկ է նշել, որ համանախագահությունն իր հայտարարություններում ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերին  իր աջակցությունը հայտնել էր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին՝ Արցախում ինչպե՞ս են վերաբերվում ՀՀ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու համար մեկնարկած գործընթացին:

«Քանի դեռ այս հարցի հետ կապված նոր գործընթացի  մեկնարկ է տրվել, առայժմ հակված ենք մեկնաբանություններ անել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հաստատված մանդատի և տասնամյակներ տևած գործընթացի շուրջ, որը ցայսօր չեղարկված չէ: 2020 թ. նոյեմբերի 10-ի Եռակողմ պայմանավորվածությունից հետո համանախագահող երկրների կողմից բազմիցս շեշտվել է, որ հակամարտությունը լուծված չէ, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության 2021 թ. ապրիլի 13-ի հայտարարության մեջ նշվում էր,  «որ հատուկ ուշադրություն պետք է դարձվի վերջնական համապարփակ և կայուն կարգավորման հասնելուն՝ կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա»։ Այն չեղարկող որևէ հայտարարություն ցայսօր չի եղել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ 2022 թ. հունվարի 14-ին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից տրված մեկնաբանության մեջ ասվում էր, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցը չի վերաբերում Ղարաբաղյան տարածաշրջանին և կարգավորման հարցերին, դա զուտ երկկողմ հարց է»:

Մեր զրուցակիցն ընդգծում է՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը»  կրկին հաստատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Չենք կարող բացառել, որ ուկրաինական ճգնաժամը կարող է որոշակի խմբագրումներ կատարել ինչպես աշխարհաքաղաքական այնպես էլ տարածաշրջանային հարցերում, բայց այս պահին հենվելով փաստերի վրա, պետք է նշենք, որ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից հակամարտության կարգավորման հարցում որևէ գործընթաց կամ  հայտարարություն չի չեղարկվել և չի հերքվել:

Որևէ այլ գործընթաց, վերոնշյալ փաստերին հակասող  տրամաբանությամբ  լուծում, որը կարող է դուրս լինել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման տրամաբանությունից, անկասկած տանելու է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության բնակչության էթնիկական զտմանը և բնաջնջմանը», ասաց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031