Գյումրեցի ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, որը մի քանի օր է ֆեյսբուքյան գրառումներ է կատարում՝ քննադատելով Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի վարած կադրային քաղաքականությունը, մասնավորապես «Էնրիկո Մատտեի» անվան պոլիկլինիկայում քեռակնոջը տնօրեն նշանակելը, տարվել է ոստիկանության «Մուշ» բաժին։
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն պարզաբանել են՝ ծանր վիրավորանք է հասցրել Շիրակի մարզպետին։ Կարապետ Պողոսյանն ասաց՝ ինքը խնդրել է ոստիկանությանը պարզաբանել, թե որտեղ են տեսել այդ ծանր վիրավորանքը։
«Այսօր առավոտյան տնից դուրս եմ եկել, որպեսզի երեխաներին տանեմ դպրոց, տան դարպասների դռները փակած են եղել, ինձ ասել են՝ պարտադիր հասնեմ ոստիկանություն։ Ոստիկանությունում թևերս ծալեցին ամենավերջին հանցագործի պես, արժանապատվությունս վիրավորելով, իրենց տեսանկյունից՝ ստորացնելով, մտցրեցին բաժին։ Ինձ ասել են, որ ես ինձ թույլ եմ տվել վիրավորելու Շիրակի մարզպետին, խնդրել են բացատրություն տալ։
Տվել եմ բացատրություն, դուրս եմ եկել ոստիկանությունից, դեռ տուն չհասած՝ զանգել, ասել են, որ եւս մեկ այլ գործով՝ որպես վկա-կասկածյալ, ներգրավված եմ Շիրակի քննչական վարչության վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում, հրավիրել են հարցաքննության։ Փորձում են ինձ համոզել, որ ես վերջերս իմ գրառումներով փորձել եմ վիրավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրի այցելած 19 կամ 20 պատգամավորներին»,-ասաց Կարապետ Պողոսյանը։
Կարդացեք նաև
Կարապետ Պողոսյանի համոզմամբ՝ իր անձի հանդեպ տեղի ունեցածը հստակ քաղաքական բռնություն է, խոսքի ազատության միջազգային նորմերի կոպիտ խախտում, մարդու իրավունքների ոտնահարում է։
Նա դիմել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին՝ իր ՖԲ էջում գրելով․ «Հարգելի տիկին, այսօր ինձ հրավիրում են ոստիկանության բաժին, առանց դիմադրության, հանգիստ գնում եմ, հասնում եմ բաժնի մոտ, մեքենայից իջնելիս իմ թևերը ոլորում են, կիրառում ոչ համաչափ բռնի ուժ, իմ հանդեպ ցուցաբերում ստորացուցիչ արարք, այդ ամենը նկարահանում՝ ինչ-որ մեկին ցույց տալու համար, արդյո՞ք դա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում չէ։
Խնդրում եմ պատասխանեք հրապարակավ»։
Կարապետ Պողոսյանի համոզմամբ՝ այս ձևով փորձում են իրեն լռեցնել, ստիպել, որպեսզի հետ կանգնի իր քաղաքական համոզմունքներից։ Սակայն, ըստ նրա, բնականաբար, սա չի ստացվելու։
Մեր ճշտող հարցին՝ մարզպետին ուղղված ծանր վիրավորանք ասելով՝ ի նկատի ունեն ձեր ֆեյսբուքյան էջում կատարված գրառումնե՞րը, բարձրաձայնումնե՞րը, Կարապետ Պողոսյանն ասաց․ «Այո, ես տեղեկություններ էի հայտնել Շիրակի մարզպետի մասին, գիտակից մարդը կընդուներ որպես լավություն և կփորձեր շտկել իր կողմից կատարված թերացումները, սխալները, չեմ ուզում բնորոշում տալ։ Ես ի սկզբանե ասել եմ, որ իմ էջը հարթակ է յուրաքանչյուրի համար, ով կփորձի անարդարությունների մասին բարձրաձայնել։ Ես ընդամենը այդ մարդկանց մտահոգություններն եմ բարձրաձայնել, որից նորմալ, գիտակ, խելացի ղեկավարը հաստատ հետևություններ կաներ և կշտկեր այն ամենը, ինչ բերել էր հասարակության դժգոհությանը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ