Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեզոք» ձեւակերպումների ետեւում ընկած են խիստ վտանգավոր կոնկրետություններ». Աղասի Ենոքյանը՝ Ադրբեջանի առաջարկած 5 կետերի մասին

Մարտ 15,2022 16:35

Aravot.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը

Ադրբեջանը հինգ կետ է առաջարկել Հայաստանին՝ հարաբերությունների կարգավորման հիմքում դնելու համար: Ըստ պաշտոնական Բաքվի, այդ կետերն են՝  երկու երկրների կողմից փոխադարձ կերպով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ճանաչում, հաստատում, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն, եւ իրավական ամրագրում, որ նման պահանջ չեն ունենա նաեւ ապագայում,  կողմերը միմյանց անվտանգության սպառնալիք չպետք է հանդիսանան, դելիմիտացիա եւ դեմարկացիա, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, ապաշրջափակում, համատեղ ծրագրերի իրականացում։ Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք՝ ինչի՞ մասին են այս կետերը:

– Սրանք ավելի շատ սկզբունքներ են, որոնցով բոլոր երկրներն էլ իրար հետ հարաբերություններ են հաստատում։ Եթե չլիներ դելիմիտացիայի հիշատակումը, ապա չէիք էլ ենթադրի, որ խոսքը հարեւանների մասին է: Կամ՝ ապաշրջափակման մասին կետը. չէր էլ կարելի մտածել, թե խոսքը Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին է՝ կարծես թե Կոնգոյի կամ Միկրոնեզիայի հետ պայմանագիրն է քննարկվում, կարծես այդ նույն Ադրբեջանը չի, որ այժմ տասնյակ կիլոմետրերով խորացել է Հայաստանի տարածքի մեջ, կարծես նույն Ադրբեջանը չի, որի պատճառով մենք համարյա ամեն օր նոր զոհեր ու կորուստներ ենք ունենում։ Քանի դեռ չկան մանրամասները, թե, օրինակ, ինչպիսի՞ սահմաններով դելիմիտացիա կամ ապաշրջափակման գրաֆիկ է առաջարկվում, կամ Թուրքիա-Ադրբեջանի պահանջած «միջանցքը» ո՞ր կետերում է թաքնված, ոչ մի էական բան էլ չի կարելի ասել այս ամենի մասին, բացի մեկ-ամենակարեւորից՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը այստեղ բացակայում է։

Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանն ինքնաբերաբար ճանաչում է Արցախն՝ Ադրբեջանի կազմում։ Բաքվի հաշվարկը շատ պարզ է. պատերազմի ավարտից հետո Հայաստանը խուսափում է խոսել Արցախի մասին, քննարկել նրա կարգավիճակը, եւ որ ամենակարեւորն է՝ նրա անվտանգությունը։ Ադրբեջանն էլ, բնականաբար, ենթադրում է, որ այլեւս այդ հարցը Հայաստանի հետ կապ չունի եւ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելիս կարող է այդ հարցը լուծված համարել։

Կան նաեւ ուրիշ վտանգավոր հանգամանքներ. Ադրբեջանը ինտենսիվացրել է «խաղաղության» քննարկումներն այն ժամանակ, երբ Ռուսաստանը, զբաղված լինելով Ուկրաինայով, նվազագույն քաղաքական եւ դիվանագիտական միջամտություն է ունենում մեր տարածաշրջանի գործընթացներում։ Ավելին, դրա փոխարեն ակտիվացել է    Թուրքիան եւ Ադրբեջանի հետ զուգահեռ ինքն է տանում հարաբերությունների կարգավորման գործընթաց։ Այսինքն, այս երկու գործընթացներն, ակնհայտորեն, ունեն նույն ծագումը, եւ բնականաբար, իրար հետ փոխհամաձայնեցված են, որպեսզի Մոսկվայի բացակայության պայմաններում Հայաստանից պոկեն առավելագույնը։

Անպայման պետք է նշել, որ «խաղաղության» բանակցություններին զուգընթաց Ադրբեջանը ակտիվացրել է զինված սադրանքները եւ զինուժի կուտակումները Հայաստանի սահմաններին եւ Արցախում։ Այսինքն, բացի դիվանագիտական երկկողմ ճնշումներից, «խաղաղության» բանակցություններն ընթանում են զինված շանտաժի պայմաններում :

Այս ամենը հուշում է այն մասին, որ «չեզոք» ձեւակերպումների ետեւում ընկած են խիստ վտանգավոր կոնկրետություններ։

Պաշտոնական Երեւանն Ադրբեջանի առաջարկների շուրջ տեսակետ չի հայտնել: ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով բանակցություններ կազմակերպելու համար: Այս հայտարարությունը կարելի՞ է Բաքվի առաջարկներին դրական պատասխան ընկալել:

-Մի կողմից սա կարելի է դիտարկել որպես անճարակություն, սեփական դիվանագիտական մոտեցումները ներկայացնելու եւ առաջ տանելու հարցում տոտալ ապիկարություն։ Անգամ նման դիմումից առաջ փորձ էլ չի արվում այդ խնդիրները քննարկել հայ հանրության եւ քաղաքական ուժերի հետ։

Մյուս կողմից, կարծես թե Հայաստանի իշխանությունները շատ էլ չեն տխրում նրանից, որ Ռուսաստանը, ում ջանքերով հաստատվեց պատերազմի զինադադարը եւ ում միջոցներով էլ այժմ, ըստ էության, պահպանվում է խաղաղությունը (որի մասին բանակցում է Ադրբեջանը), դուրս է դրված բանակցություններից։ Սա կարելի է դիտարկել նաեւ որպես դիվանագիտական ճարպկություն, քանի որ, եթե բանակցվող «խաղաղությունը» Մոսկվայի դուրը չգա, ապա նա ցանկացած պահի կարող է թույլ տալ, որ այն խախտվի։

 -Մինսկի խումբն ունի՞ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու մանդատ, ինչո՞ւ պիտի ՄԽ-ն արձագանքի հայկական կողմի դիմումին:

– Սա շատ էական պահ է։ Իհարկե, Մինսկի խումբը չունի նման մանդատ, ավելին, կարելի է ասել, որ նա չի տիրապետում հայ-ադրբեջանական հարաբերությունների ողջ ծավալին եւ մանրամասներին, այլ տեղյակ է միայն Արցախի հետ կապված մասով։

Մինսկի խմբին դիմելը մի կողմից եւս մեկ անգամ ցուցադրում է Ռուսաստանին գործընթացներից դուրս դնելու միտումը, որին, կարծես թե, դեմ չէ Հայաստանը, քանի որ հենց նա է դիմում համանախագահներին։ Մյուս կողմից, այս մոտեցումը Մինսկի խմբին մեկուսացնում է իր հիմնական բանակցային առաքելությունից՝ Լեռնային Ղարաբաղի հարցից, եւ փորձում է նրա մանդատը նենգափոխել հայ-ադրբեջանական հարաբերություններով։

Ես բնական կհամարեմ, որ Մինսկի խմբի արձագանքը լինի խուսափողական։

– Այս ամենի հանրագումարում ի՞նչ է սպասվում Արցախից մնացած հատվածին, որն արդեն մի քանի օր հումանիտար աղետի մեջ է ՝ գազատարն է վնասված, էլեկտրաէներգիայի մատակարարումներն են խափանված, շփման գծում տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակում են, կա վիրավորում ստացած խաղաղ բնակիչ: Ի դեպ, տակավին վերջերս զոհ եւ վիրավոր ունեցանք նաեւ Հայաստանի սահմանում՝ Երասխի հատվածում։

– Ինչպես արդեն ասեցի, այս ամենը Ադրբեջանի բանակցային ստրատեգիայի մաս են կազմում եւ խոսում են նաեւ Ռուսաստանի հեռակա վիճակի մասին։ Մյուս կողմից, հենց ռուսներն են իրենց վրա վերցրել անվտանգության խնդիրների ապահովումը, իսկ գազամատակարարումը, էլեկտրամատակարարումը, մանավանդ այս եղանակային պայմաններում, քաղաքացիների գոյատեւման ու անվտանգության կարեւորագույն խնդիր է։

Ես հեռու եմ այն մտքից, որ Ռուսաստանն այնքան զբաղված է Ուկրաինայում, որ չի կարողանում մի գազի խողովակի խնդիր լուծել Արցախում։ Ավելի հավանական է, որ նման խնդիրների լուծումից այս պահին խուսափելով Ռուսաստանը նորանոր ծառայություններ է պահանջում Հայաստանից, կամ առնվազն ցույց է տալիս, թե ինչպիսին է իրավիճակն իրականում եւ ինչպիսի հեռանկարներ են սպասում այս «խաղաղությանը», եթե նրան հասնելու ճանապարհին «մոռանան»  Կրեմլի մասին։

 

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031