Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ունեմ եղբայր, որն Արցախում ոտք է կորցրել ու թող չհամարձակվի մեկը ինձ նման մեղադրանք ներկայացնի, թե հող ենք հանձնել». Վահագն Հովակիմյան

Մարտ 15,2022 16:03

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որով   առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել ՀՀ տարածքի կամ դրա մասի ՝ Հայաստանին պատկանելիությունը կասկածի տակ դնելու համար: Դա կասկածի տակ դնելը կամ հերքելը, նաեւ նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով` 1-2 մլն դրամով, կամ ազատազրկմամբ` 2-4 տարի ժամկետով:

Քննարկման ժամանակ բանը հասավ նրան, որ ՔՊ պատգամավորները ընդդիմադիրներին հիշեցրին, թե ինչ էր բանակցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Քի Վեսթով: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հեգնեց, թե՝ «կարելի՞ է այսքան անլրջացնել քննարկումը»: ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն իր ելույթում պատասխանեց. «Եկեք հասկանանք՝ արդյոք Քի Վեսթը անլրջացում չէ՞ր արցախյան հարցի: Ադրբեջանը ստացավ «բենեֆիթները»՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքից հարցը դարձնելով տարածքային խնդիր՝ այս կտորը քեզ, այս կտորը՝ ինձ»: Սկսեց վեճ՝ հողերը հանձնելու շուրջ, «Հայաստան» խմբակցությունից միջամտեց Աղվան Վարդանյանը, Վահագն Ալեքսանյանն էլ հորդորեց. «Նստեք ու հաճույք ստացեք, պարոն Վարդանյան»:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ստիպված եղավ եւս կես ժամով ընդմիջում հայտարարել: Ընդմիջումից հետո թեման հասավ Բադեն-Բադեններին ու Լյուքսեմբուրգներին: ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանն ասաց, որ այս նախագիծը ընդդիմությունը բերել է՝ զուտ նման քննարկում ստանալու համար: Վահագն Հովակիմյանն (լուսանկարում) էլ ասաց. «Իմ ընտանիքի տղամարդիկ, ովքեր զինապարտ են եղել, գնացել են ճակատ: Ես ունեմ եղբայր, որն Արցախում ոտք է կորցրել ու թող չհամարձակվի մեկը ինձ նման մեղադրանք ներկայացնի, թե հող ենք հանձնել, կամ մեր թիմին նման մեղադրանք ներկայացնի»: Նա ասաց, որ եթե այսպիսի նախագիծ ընդունեն, ընդդիմադիր որոշ գործընկերների պետք է արգելվի ընդհանրապես «բերանից ծպտուն հանել»:

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ այս նախագիծը իրավաչափ չէ, միայն խոսքի ազատությունն է սահմանափակում. «Ես ուզում էի ձեռնպահ քվեարկել այս նախագծին, բայց, քանի որ ձեր մոտ կարծիք կա, թե մենք ինչ-որ կենտրոնից ենք ղեկավարվում, ես հիմա ձեր ելույթների արդյունքում որոշեցի դեմ քվեարկել ու կոչ եմ անելու «դեմ» քվեարկել»: Նա հորդորեց նախագծի հիմնական զեկուցող Արամ Վարդեւանյանին ապացուցել, որ նախագիծը ՀՀ քաղաքացու դեմ չէ, այլ՝ արտերկրում ապրող Հայաստանի թշնամիների, այդ դեպքում նրա կողքին կլինի:

Արամ Վարդեւանյանն ասաց, որ այս նախագծից կարող է տուժել միայն «ալիեւանման» անձնավորությունները. «ԱԱԾ-ն հրապարակեց, որ մեր ԶՈՒ ներկայացուցիչներ բառացիորեն կոպեկներով պետական գաղտնիքներ են տվել թշնամուն: Նախկին-ներկա դրեք մի կողմ, ունենք հանրային վտանգավորություն, այդ թվում՝ ՀՀ պաշտոնյաների խոսույթում»:

Նախագիծը դրվեց քվեարկության եւ ՔՊ պատգամավորների 6 «դեմ» ձայներով բացասական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031