Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որով պատգամավորներն առաջարկում են ամրագրել, որ ՀՀ տարածքի կամ դրա մասի ՝ Հայաստանին պատկանելիությունը կասկածի տակ դնելը պետք է ունենա հետեւանք: Դա կասկածի տակ դնելը կամ հերքելը,նաեւ նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով` 1-2 մլն դրամով, կամ ազատազրկմամբ` 2-4 տարի ժամկետով:
ՔՊ-ականները դեմ էին: Քննարկման ժամանակ բանը հասավ նրան, որ ՔՊ պատգամավորները ընդդիմադիրներին հիշեցրին, թե ինչ էր բանակցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Քի Վեսթով: Վահագն Հովակիմյանը նախագծի անհրաժեշտությունը չէր տեսնում ընդհանրապես: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը արձագանքեց. «Ինձ համար անհասկանալի է, պարոն Հովակիմյան, ձեր փաստաբանությունը՝ Ալիեւի համար: Չեմ կարողանում հասկանալ, թե սա ի՞նչ խնդիր կարող է առաջացնել, սա ուղղված է արտաքին ուժերին: Պատգամավորը վերհիշել է Քի Վեսթը, հարգելի՛ պատգամավոր, Քի Վեսթով Արցախը դառնում էր Հայաստանի մաս՝ Շուշիով ու Հադրութով, մենք հազարավոր զոհեր, վիրավորներ չէինք ունենում, ՀՀ տարածքները օկուպացված չէին լինելու: Լավ, կարելի՞ է այսքան անլուրջ լինել, քննարկումները այսքան անլրջացնել: Դուք պարբերաբար խոսում եք «Վարչատարածքային բաժանման մասին», Ադրբեջանը առաջարկություններ է ներկայացրել, մենք Ադրբեջանից ենք իմանում այդ 5 կետերի բովանդակությունը ու ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է, ասում է՝ այո, մենք ստացել ենք այդ առաջարկությունները, համապատասխանում են իրականությանը: Բա ասում էիք՝ 92-ին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, բա որ ճանաչել եք, ո՞նց է հիմա կետերից մեկը այն, որ ճանաչեք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ են հիմա առաջարկում: Խնդրում եմ միջին վիճակագրական հայ մարդու համար բացատրեք՝ ինչո՞ւ եք դեմ այս նախագծին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ