ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ կառավարության ծրագրի 2021թ․-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը փաստեց, որ բանակից զորացրվողների թիվն ավելացել է։ «Մինչեւ զորացրվելու պատճառները չենք իմանում, փորձում ենք հնարավորինս չզորացրել։ Ցավոք, միտում կա, որ զորացրվողները փաստաբանների միջոցով են պայքարում զորացրվելու համար, որ արագ զորացրվեն»,-նշեց նա։
Սարգսյանի խոսքով․ «Պետք է այնպես անենք, որ չցանկանան զորացրվել։ Զորացրվողների մի մաս կա, որոնք դառնում են զինվորական թոշակառու, որպեսզի կարողանան բնակարանի վկայագիր ստանալ։ Համակարգային լուծումներ պահանջող նման խնդիրներ կան, որոնց կանխման ուղղությամբ աշխատում ենք»։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը բարձրաձայնեց, որ այս տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվել է 15 անձ, եւ դա խնդիր է։
Արման Սարգսյանն ուղղեց՝ դա ավարտողների թիվն է․ «Չեմ ցանկանա հիմա ասել, թե ինչ է նախատեսված անել, բայց մասնակցել եմ քննարկումների։ Սպաներին դեպի բանակ ուղղորդելուն միտված դրական եւ աննախադեպ որոշումներ կարող են ապագայում կայացվել։ Ռազմաուսումնական հաստատություններ դիմողների մասին է խոսքը։ Վստահ եմ, որ այս տարի ձեր նշած թվերի նման պատկեր չենք ունենա»։
Հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ իր հերթին հավելեց, որ Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում բարեփոխումների լուրջ աշխատանք է արվում․ «Պետական գաղտնիքի շրջանակում չենք կարող ասել, թե այս տարի ինչ դիմորդներ ենք ունենալու, բայց հաստատության կուրսանտները պետք է լինեն ամենալավ հագնված եւ ամենալավ գիտելիքներ ստացողները, եւ դա շուտով տեսանելի կլինի»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ