Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ այնքան թեժացան վիճաբանությունները, որ հանձնաժողովի նախագահը ստիպված մի քանի անգամ ընդմիջում հայտարարեց՝ կրքերը մարելու համար:
Նախագծով պատգամավորներն առաջարկում են ամրագրել, որ ՀՀ տարածքի կամ դրա մասի ՝ Հայաստանին պատկանելիությունը կասկածի տակ դնելը պետք է ունենա հետեւանք: Դա կասկածի տակ դնելը կամ հերքելը, նաեւ նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը`պատժվում է տուգանքով` 1-2 մլն դրամով, կամ ազատազրկմամբ` 2-4 տարի ժամկետով: Հիմնական զեկուցող Արամ Վարդեւանյանն ասաց, որ ցանկացած պաշտոնյա, ով կասի, թե պետք է Սեւանն էլ վերցնել Հայաստանից, պետք է գիտակցի, որ դա ունենալու է իրավական հետեւանք. «Ինչի՞ համար այդ անձանց տեղավորենք խոսքի ազատության պաշտպանության ներքո: ՀՀ տարածքը սրբազան է, ու խոսքի ազատությունը կարելի է սահմանափակել»: Նա հիշեցրեց, որ ծանր վիրավորանքը քրեականացրել են, բա ՀՀ տարածքային ամբողջականության հետ կապված ինչո՞ւ չպետք է իրենց տեսակետի համար չկրեն պատասխանատվություն:
ՔՊ պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց, որ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության կոչերի համար արդեն նախատեսված է պատիժ, դա չի՞ բավարարում: Ընդդիմությունը բացատրեց, որ կոչն ու կարծիք արտահայտելը, քարոզելը տարբեր բաներ են: ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանն ասաց, որ այս նախագծի թիրախը, ըստ էության, Ալիեւն է, իսկ ներքին լսարանում նրա թեզերը դաշտ են նետվում հիմնականում ընդդիմադիր դաշտի կողմից: Վարդեւանյանն, ի պատասխան, խոստացավ տեսանյութեր ցույց տալ, թե ինչպես են ՔՊ ներկայացուցիչները, խոսելով ՀՀ սուվերեն տարածքների մասին, դրանք անվանում անկլավ: Նա ասաց, որ եթե ընդդիմությունը նման խախտում կանի, իրավապահները թող լծվեն քրեական գործեր հարուցելով ընդդիմության դեմ, մանավանդ, որ ՔՊ իշխանության ներքո են գործում:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, դիմելով Վարդեւանյանին, ասաց. «Ես իհարկե հասկանում եմ նախագծի նպատակը: Չե՞ք կարծում, որ հանձնաժողովում մեծամասնությունն ունի մտավախություն, որ, մասնավորապես, ՀՀ քաղաքացիներից «մեկը» կորոշի ասել, որ ՀՀ-ում կան ինչ-որ անկլավներ, որոնք պատկանում են մեր որեւէ թշնամական պետությանը»: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անմիջապես, դեռ Աննա Մկրտչյանի խոսքը բերանում, ընդմիջում հայտարարեց ու կանչեց աշխատանքային քննարկման: Աշխատանքային քննարկումից հետո էլ թեմայի շուրջ վեճը չդադարեց: Վարդեւանյանն ասաց, որ եթե քննչական մարմինները քաղաքացիներին մեղադրանքներ են առաջադրում՝ վարչապետ Փաշինյանի հասցեին վիրավորական արտահայտությունների համար՝ ասելով, որ նրանք «սրբազան արժեք են խաթարում», ապա ՀՀ տարածքային ամբողջականության մասին կասկածանքով խոսելը պետք է քրեաիրավական տիրույթում կարգավորվի: Աննա Մկրտչյանն ասաց. «Դուք պաշտոնյայի անուն տվեցիք, որը շատ հաճախ վարչապետի աշխատասենյակից «լայվեր» է անում ու նաեւ օգտագործում այդ արտահայտությունները: Կառավարությունը թույլ չի տալու այս նախագիծն անցկացնել, որովհետեւ իրենք իրենց աչքի առաջ ունեն սա օրենք դառնալու դեպքում պատժելի անձանց եւ անձնավորությանը»:
Կարդացեք նաև
Կառավարության բացասական եզրակացությունը արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը այսպես բացատրեց, թե այսպես ամեն բառի համար որ քրեական պատասխանատվություն սահմանեն, խոսքի ազատությունը կսահմանափակվի, իսկ ժողովրդավարական հասարակության ասպեկտով նահանջ չեն կարող թույլ տալ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ