Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը
Որպես Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, որպես մարդ, որ պատասխանատվություն ունի Արցախում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար՝ կրկին դիմում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, աշխարհի բոլոր երկրների մարդու իրավունքների պաշտպաններին, միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին՝ տեղեկացնելու, որ Արցախում ապրող հազարավոր հայեր ամեն օր պարբերաբար ենթարկվում են Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչական և ցեղասպանական գործողությունների։
Մեկուկես տարի առաջ՝ 2020 թվականի աշնանը, ռազմական ագրեսիա է իրականացվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, որն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակավայրերի և քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ, ռազմագերիների խոշտանգմամբ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ և այլն։ Այս բոլոր փաստերը պատշաճ փաստագրվել են մեր զեկույցներում և ներկայացվել միջազգային կազմակերպություններին։
Այդ ժամանակ միջազգային հանրությունը, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցները պատշաճ չարձագանքեցին տեղի ունեցող հանցագործություններին։ Արհեստական հավասարության նշան դնելով ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև՝ արձակեցին Ադրբեջանի ձեռքերը շարունակելու իր վայրագությունները։
Կարդացեք նաև
Անցած տարվա ընթացքում Ադրբեջանն օգտագործել է իր հայեցողության տակ եղած բոլոր մեթոդները ահաբեկելու, հոգեբանական հարձակումներ գործելու մեր բնակչության նկատմամբ, կրակելու քաղաքացիական բնակավայրերի, դպրոցների, մանկապարտեզների, սոցիալական նշանակության այլ օբյեկտների ուղղությամբ, ոչնչացնելու մեր վանքերն ու եկեղեցիները, գերեզմանատները։ Ադրբեջանի կողմից համակարգված և դիտավորյալ իրականացվող գործողությունները նպատակ են հետապնդում հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու Արցախը։
Վերջին օրերին ադրբեջանական կողմն առավել ագրեսիվ գործողությունների է դիմել։ Նրանք կիրառում են տարբեր տեսակի զինատեսակներ, այդ թվում մեծ տրամաչափի ականանետներ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ։ Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ, Կարմիր շուկա, Թաղավարդ, այս բոլոր համայնքների բնակիչներն ամեն օր դառնում են Ադրբեջանի հանցավոր գործողությունների ուղիղ թիրախը։
7-րդ օր է Արցախի ողջ բնակչությունը զրկված է գազամատակարարումից, ադրբեջանական կողմը չի թողնում, որ մասնագետները մոտենան Հայաստանից դեպի Արցախ եկող միակ գազատարի վնասված հատվածին՝ վերականգնողական աշխատանքների իրականացնելու համար։ Սրա հետևանքով Արցախում առաջացել են բազմաթիվ հումանիտար խնդիրներ, պատշաճ ջեռուցման, տաք ջրի հասանելիության, կրթության, առողջապահության իրավունքի պատշաճ իրացման համար և կենսական կարևորության այլ խնդիրներ։
Ադրբեջանի գործողությունները պետք է հստակ գնահատական ստանան։ Այո, Ադրբեջանն իր ցեղասպան պահվածքով իրականացնում է Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։ Իսկ բոլոր մարդիկ, բոլոր կառույցները, որոնք իրապես կարևորում են մարդու իրավունքների պաշտպանությունը, չպետք է անտարբեր մնան։
Մարդու իրավունքները համընդհանուր են և հետևաբար պետք է զերծ լինեն երկակի ստանդարտներից և տարբերակված մոտեցումներին։
Դիմում եմ ձեզ հույսով, որ կբարձրացնեք ձեր ձայնը և իրական քայլեր կձեռնարկեք ազդելու ադրբեջանական իշխանությունների վրա հորդորելու նրանց զերծ մնալ Արցախի ժողովրդի դեմ ուղղված ատելությունից, անհանդուրժողականությունից և հանցավոր գործողություններից։