Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգեց մինչեւ ժամը 16:00-ն, որ նիստին ներկայանա Արմեն Գեւորգյանը:
Դեռ ավելի վաղ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը դատարանին տեղեկացրել էր, որ այսօր չի կարողանա մասնակցել դատական նիստին, քանի որ մասնակցելու է ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստին՝ հայտնելով, որ իր մասնակցությունը պարտադիր է: Նրա պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ դատարանը մարտի 1-ին ստացել է բոլոր պարզաբանումները, սակայն հերթական նիստ է նշանակել հենց այդ օրը: Պաշտպանի խոսքով, Արմեն Գեւորգյանը չի կարող դատարան ներկայանալ 16:00-ին, քանի որ ԵԽԽՎ նիստը տեւելու է մինչեւ 16:00-ն: Այնուհանդերձ, նիստը նախագահող դատավոր Դանիբեկյանը հորդորեց Լուսինե Սահակյանին հորդորել իր պաշտպանյալին ներկայանալ նիստին:
Մեղադրող դատախազը եւս կարծիք հայտնեց, որ հնարավոր չէ նիստը շարունակել:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ