«Ամերիկայի ձայն». Եվրամիությունը և «Մեծ յոթնյակի» (G7) երկրներն ավարտել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթի նախապատրաստումը, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԵՄ աղբյուրներին։
Ավելի վաղ՝ մարտի 11-ին, նոր սահմանափակումների մասին խոսել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեենը։
Դրանց թվում է Ռուսաստանի կողմից առավել բարենպաստ ազգային առևտրային կարգավիճակի մերժումը: Այս միջոցը թույլ կտա արևմտյան երկրներին բարձր մաքսատուրքեր սահմանել ռուսական ապրանքների նկատմամբ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններին համապատասխան։
Բացի այդ, նախատեսվում է Ռուսաստանին զրկել առաջատար միջազգային ֆինանսական կազմակերպություններին, այդ թվում՝ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի անդամակցությունից։
Կարդացեք նաև
Ենթադրվում է, որ կհամալրվի նաեւ այն ռուսաստանցիների ցուցակը, ովքեր կենթարկվեն անձնական պատժամիջոցների։ Դրանում ներառվելու են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատից մարդիկ, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները։
Բացի այդ, ըստ ֆոն դեր Լեենի, կարող է արգելափակվել ՌԴ-ի ու նրա վերնախավի հնարավորությունը օգտվելու կրիպտոարժույթներից: Բացի այդ, նախատեսվում է արգելել ցանկացած թանկարժեք ապրանքի արտահանում ԵՄ-ից Ռուսաստան։
«Նրանք, ովքեր աջակցում են Պուտինի ռազմական մեքենային, այլևս չպետք է կարողանան վայելել շքեղ կյանքը, մինչ Ուկրաինայում ռումբեր են թափվում խաղաղ բնակչության վրա», – ասել է նա:
ԵՄ պատժամիջոցների չորրորդ փաթեթը կանդրադառնա նաեւ Ռուսաստանի էներգետիկ ոլորտին։
2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո ԵՄ անդամները և այլ երկրներ պատժամիջոցների մի քանի փաթեթ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Սահմանափակումները վերաբերել են Կենտրոնական բանկին և ռուսական խոշոր բանկերին, ավիացիոն ոլորտին, ինչպես նաև ռուսաստանցի պաշտոնյաներին, այդ թվում՝ անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, գործարարներին և ԶԼՄ-ներին, ովքեր արդարացնում են Ռուսաստանի գործողությունները: