Արդեն մեկ տարի է, որ ՊՆ կայքից բացակայում է արցախյան ազատամարտի պատմությունը։ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ կառավարության ծրագրի 2021թ․-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանին կրկին այս մասին հիշեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Արման Սարգսյանը տեղեկացրեց նորից, որ խնդիրը տեխնիկական է․ «Որեւէ մեկը չի ուզում եւ իրավունք էլ չունի պատմության այդ փառավոր էջն անուշադրության մատնել։ Խնդիրը կարգավորվելու է։ Կայքի վերափոխման ուղղությամբ շատ մեծ աշխատանք է արվում հիմա, այլ բան մի փնտրեք»։
Գեղամ Մանուկյանը չհամաձայնեց․ «ՀՅԴ պատմության հատվածը որ կայքից կորի, երկու օրում չվերականգնվի, գործից կհանեին խմբագրին։ Մեկ տարի է՝ չկա ձեր դեպքում»։ Փոխնախարարը հորդորեց կուսակցական եւ գերատեսչական կայքերի միջեւ համեմատականներ չանցկացնել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ