ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ կառավարության ծրագրի 2021թ․-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց՝ զեկույցում ասված է, որ մշակվել է ԶՈւ բարեփոխումների հայեցակարգը, մինչդեռ փետրվարին Սուրեն Պապիկյանն ասաց, որ հայեցակարգը հետ է ուղարկել՝ լրամշակման։ «Ասվում է նաեւ, որ ԶՈՒ-ն վերափոխելու է՝ ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով։ Մեր ԶՈՒ-ն երբեւէ ագրեսիայից պաշտպանվող է եղե՞լ, որ հիմա փոխում եք, թե նպատակ ունեք ունենալ անատամ զինված ուժեր, որոնք երբեք չեն կարողանալու պաշտպանությունից անցնել հակահարձակման»,-հարցրեց Գեղամ Մանուկյանը։
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը պատասխանեց՝ մեր նպատակն անատամ բանակ ունենալը չէ, այլ ֆիքսելը, որը ԶՈՒ-ն չի ստեղծվել ագրեսիայի նպատակով․ «Նախորդիվ, եթե անգամ ամրագրված չի եղել, ապա ԶՈՒ նպատակը նախորդիվ էլ չի եղել ագրեսիվ մարտավարություն ունենալը։ Պաշտպանությունը ներառում է նաեւ հակահարձակում, բայց պետք է ամրագրենք, որ ԶՈՒ նպատակը պատերազմ հրահրելը չէ եւ ագրեսիա դրսեւորելը չէ հարեւանների նկատմամբ։ Անատամի մասին խոսք լինել չի կարող։ Պետությունն ամեն ինչ անում է, որ ԶՈՒ-ն լինի մարտունակ եւ հնարավոր հակահարված տալուն ընդունակ՝ ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով»։
Ինչ վերաբերում է հայեցակարգին, ապա Արման Սարգսյանը խնդրեց հարցը հղել գրավոր։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ