Երեւանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովն այսօր ավագանու նիստում տրանսպորտի աշխատանքի մասին հարց բարձրացրեց, նա հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հատկապես առավոտյան ժամերին երթուղայինները ուշ-ուշ են մոտենում կանգառներին, ինչի հետեւանքով աշխատանքի կամ դասի գնացող քաղաքացիները խնդիրներ են ունենում։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ի պատասխան ասաց, որ մի քանի պատճառ կա․«Այս պահին ունենք որոշ ավտոբուսներ, որոնք արդեն երթուղին կսպասարկեն ապրիլի 1-ից։ Ունենք երթուղիներ, որոնք ավտոբուսներն են սպասարկում, խցանումներ կան, դրա պատճառով ավտոբուսների միջեւ ընկած ժամանակահատվածում խզում կա։ Ապրիլի 1-ից երեք երթուղի կավելանա»։
Ավագանու մեկ այլ անդամ էլ՝ Իզաբելլա Աբգարյանը, նշեց, որ երեկոյան ժամերին քաղաքային տրանսպորտը նույնպես վատ է աշխատում, ասաց՝ խայտառակ վիճակ է, նախկինի պես վատ վիճակ է։ Նա նաեւ փողոցների լուսավորության խնդիրը բարձրացրեց, ասաց, որ դեղին լամպերի լուսավորությունը խնդիր է հատկապես վարորդների համար։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ ի պատասխան ասաց․«Այնքան էլ ճիշտ չէ, որ տրանսպորտը ոնց վատ կար, այդպես էլ մնացել է։ Պարզապես կան քաղաքացիներ, որոնք օգտվում էին կոնկրետ երթուղուց, հիմա դա փակվել է, իրենց տան մոտով չի անցնում, մի փոքր պիտի քայլեն դեպի կանգառ։ Չեմ ուզում ասել, որ խնդիր չկա։ Ամենաուշը մեկ-երկու ամսում էական փոփոխություն կլինի։ Հուսով եմ, որ մինչեւ տարվա վերջ 12 մետրանոց ավտոբուսները կլինեն Երեւանում, ու խնդիրը կլուծվի»։
Ինչ վերաբերում է լուսավորությանը, ապա քաղաքապետը վստահեցրեց, որ չկա մի փողոց, որտեղ լուսավորությունն անջատել են, պարզապես փոփոխություն է տեղի ունեցել, լուսավորությունն ամբողջությամբ փոփոխվել է, նոր լուսատուներ են տեղադրվել․«Այն գոհացուցիչ է, լուսավորության աշխատանքները լավ ենք արել։ 250 մլն դրամի լուսատուներ պետք է գնենք, որոշ փողոցներ էլ կլուսավորվեն»։ Ինչ վերաբերում է դեղին լույսերին, ապա քաղաքապետն ասաց, որ դրանք հիմնականում փոխվում են ժամանակակից լուսատուներով։
Կարդացեք նաև
Ավագանու անդամներից մեկն էլ նոր ավտոբուսների վճարման համակարգին անդրադարձավ, նշեց, որ շարունակվում է վարորդների՝ գումարների հավաքագրման վատ սովորույթը․«Իմ հաշվարկներով պետական բյուջեի մոտ 20 տոկոս կորուստ ենք ունենում»։
Հրաչյա Սարգսյանի պարզաբանմամբ՝ այս պահին մեկ ավտոբուսում ծրագրային ապահովման խնդիրը լուծված է, տասնհինգ օրվա ընթացքում այն ավտոբուսները, որտեղ կան տեսախցիկներ, ամբողջությամբ ինքնաշխատ վերահսկողություն կլինի՝ մինչեւ կառավարման կենտրոնը կգործի։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ