ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ կառավարության ծրագրի 2021թ․-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է ԱԻՆ-ի ներքո աշխարհազորի հնարավորություն ստեղծելու մասին։ Նախարարը նախ նշեց․ «Չեմ կարծում, որ ԱԻՆ-ը կարող է նման լիազորություն եւ գործառույթ ունենալ, որովհետեւ պատկերացրեք, թե պատերազմի պայմաններում մեր գործառույթներն ինչքան են ավելանում։ Նման իրավիճակներում մեր առաջնային խնդիրներից մեկը քաղաքացիական պաշտպանությունն է»։
Երկրորդ խնդիրը, ըստ նախարարի, պատերազմի պայմաններում դիերի եւ վիրավորների՝ մարտական գործողությունների շրջանից դուրս բերելն է․ «Պատերազմի ժամանակ դա ամբողջությամբ մեր աշխատակիցների պարտականությունն էր։ Չեմ կարծում, որ այս ամենից զատ աշխարհազորի խնդիր դնելը ճիշտ է։ Ի սկզբանե, երբ որոշվեց աշխարհազոր ունենալ մարզպետարանների ենթակայության տակ, դա աշխատող տարբերակ է, եթե լավ լուծումներ լինեն»։
Փիլոյանը նաեւ նշեց, որ պատերազմից հետո քաղաքացիական պաշտպանության հենակետեր ունենալու անհրաժեշտություն կա սահմանամերձ բնակավայրերում․ «Սյունիքում եւ Վայոց ձորում եւս 18 քաղպաշտպանության հենակետեր ունենալու ծրագիր կա։ Շիկահողում ընթացքի մեջ է, Շուռնուխում ապագայում կլինի։ Սրանք կառավարության ծրագրով են սահմանված»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ