Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ․ «Այս պահին, որպես այդպիսին, Արցախում աջակցության կարիք չկա»

Մարտ 15,2022 12:00

Արդյոք Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է աջակցել Արցախին, որտեղ մի քանի օր է՝ դադարեցված է գազամատակարարումը։ Երեւանի ավագանու այսօրվա նիստում ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը նիստի օրակարգին անցնելուց առաջ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից հետաքրքրվեց՝ Արցախում շատ ծանր հումանիտար աղետ է ստեղծվել, արդյոք կապի մե՞ջ եք Արցախի մեր գործընկերների հետ, եւ արդյոք Երեւանը պատրաստվո՞ւմ է ինչ-որ կերպ օգնել Արցախի ժողովրդին՝ դիմակայելու հակահումանիստական քայլին, որն անշուշտ, ուղղված է Արցախի հայաթափությանը։

Քաղաքապետն ի պատասխան ասաց, որ խնդրին ծանոթ են բոլորը,  կառավարությունը՝ նույնպես․« Ես կապի մեջ եմ իմ գործընկերոջ հետ։ Այս պահին, որպես այդպիսին, աջակցության կարիք չկա, եթե անհրաժեշտություն լինի, մենք բոլորս պատրաստակամ ենք մեր հայրենակիցներին աջակցելու։ Այդ հարցով ակտիվ զբաղվում են կառավարության մեր գործընկերները»։

Ավագանու մեկ այլ անդամ՝ Թեհմինա Վարդանյանն էլ նկատեց՝ նիստի այսօրվա օրակարգում չկա կարեւորագույն մի հարց՝ արցախցիներին որեւէ կերպ աջակցելու․ «Ստեփանակերտը Հայաստանի երկրորդ մայրաքաղաքն է, եւ մենք որեւէ միջոց չենք ձեռնարկում աջակցելու։ Դուք ասում եք՝ կառավարությունը խնդրին տեղյակ է, խոսել ենք, աջակցության կարիք չկա։ Ի՞նչ է նշանակում աջակցության կարիք չկա։ Այդ մարդիկ տաք ճաշ ուտելուց սկսած ամեն ինչի կարիք ունեն։ Առաջարկում եմ փոքրիկ էլեկտրական տաքացուցիչներ, ցանկացած բանով օգնել։ Այստեղ այսօր ծաղիկ ենք նկարում, բանտիկներից ենք խոսելու, բայց քանի որ կա լուրջ խնդիր, մենք որեւէ հոդվածով գումար չենք նախատեսում։ Սա ինչի՞ մասին է խոսում»։ Վարդանյանն առաջարկեց առաջիկայում նիստ գումարել եւ քննարկել աջակցության հարցը՝ սնունդ, տաքացուցիչներ եւ այլն։

Հրաչյա Սարգսյանն էլ ի պատասխան, ասաց՝ համայնքն ու պետությունը միշտ կանգնած են եղել Արցախի հանրապետության թիկունքին, եւ պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել․ «Խնդիրները, որ բարձրաձայնեցիք, այդպիսի խնդիրներին ես ծանոթ չեմ, բայց առաջարկում եմ՝ եթե նմանատիպ խնդիրներ կան, կարող ենք քննարկել, նաեւ արտահերթ նիստ գումարել եւ համապատասխան ֆինանսական միջոցներ ուղղել։ Բայց այն խնդիրները, որոնց մասին բարձրաձայնեցիք, այս պահին տեղյակ չեմ, որ դրա անհրաժեշտոթյունը ունեն։ Այո, խնդիր կա, բայց ձեր առաջարկածները չկան»։ Քաղաքապետն առաջարկեց քննարկում իրականացնել․ «Բայց վստահեցնում եմ՝ ֆինանսական աջակցության խնդիր չունեն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031