Այն պահին, երբ աշխարհը սուր պատերազմի փուլում է, Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանին առաջարկում են խաղաղություն։ Սա լուրջ տագնապի առիթ է։
Ադրբեջանը հումանիտար սուր ճգնաժամ է առաջացնում Արցախում ու միաժամանակ հրապարակայնացնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի իր 5 սկզբունքները։ Թուրքիան՝ Էրդողանի, Չավուշօղլուի շուրթերով, Հայաստանին ինտենսիվ հորդորում է ընդունել Ադրբեջանի պայմանները։ Հորդորն այնքան ինտենսիվ է, որ խոսքն արդեն խաղաղության պարտադրման մասին է։
Ադրբեջանի ձևակերպած 5 կետերը բավական գրագետ են, միջազգային իրավունքի և հանրության տեսանկյունից՝ հասկանալի և ընդունելի։ Եվ սա դժվարացնելու է մեր հակաքայլերը։
Ադրբեջանն ասում է՝ ես խաղաղության ձեռք եմ մեկնում, եթե Հայաստանը ընդունեց, կունենանք խաղաղ տարածաշրջան։
Կարդացեք նաև
Միևնույն ժամանակ Ադրբեջանը հումանիտար աղետով խեղդում է Արցախը և պարզ հասկացնում Երևանին, որ խաղաղությունը չընդունելու դեպքում, Ադրբեջանական բանակը պատրաստ է սահմանազատում և սահմանագծում կատարել սեփական հայեցողությամբ։
Թուրքիան միևնույն ժամանակ զգուշացնում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններում երրորդ կողմ անհրաժեշտ չէ՝ նկատի ունենալով Ռուսաստանն ու Մինսկի խումբը։ Այդ ընթացքում Ադրբեջանը Իրանի հետ կնքում է լրջագույն համաձայնագրեր և ակնհայտորեն Իրանի հետ ձեռք է բերել ստվերային լուրջ պայմանավորվածություններ։
Պաշտոնական Երևանի արձագանքը
ՀՀ ԱԳՆ հայտարարում է, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի պայմաններին և դիմել է Մինսկի խմբին՝ բանակցություններ կազմակերպելու խնդրանքով։ Մինսկի խումբը նման մանդատ չունի, և մեր ԱԳՆ-ը դա շատ լավ գիտի։ Սա մանևրող քայլ է, և դեռ պարզ չէ, այն թե ինչ արձագանք կստանա Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։
Այս ընդհանուր լարված և տագնապ առաջացնող ֆոնին պարզ հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր Արարատ Միրզոյանը այդքան լայն և ջերմ ժպտում Չավուշօղլուին։ Այն նույն Չավուշօղլուին, որի բայրաքթարները ամիսներ առաջ ռմբակոծում էին մեր բնակավայրերը, ծննդատները։ Անհատապես Ա. Միրզոյանն ինձ չի հետաքրքրում. իհարկե պետք է հանդիպել, իհարկե պետք է քննարկել, բայց ամիսներ առաջ արյունոտ պատերազմ տեսած պետության արտգործնախարարը պարտավոր էր ավելի զուսպ լինել արյունոտ պատերազմի համահեղինակի հետ։ Սա պետության արժանապատվության խնդիրն է։
Իրական Հայաստանի արձագանքը
Հայաստանը այսպիսով մտավ նոր, չափազանց բարդ փուլ. խոսքն այս պահին կա´մ նոր պատերազմի վտանգի, կա´մ պատմական էջի վավերացման մասին է։ Ու այս բարդ և պատմական որոշումները կայացվում են փակ սենյակներում՝ մի քանի հոգու որոշմամբ։ Այն նույն փակ սենյակում, որտեղ ժամանակին կայացվել են ճակատագրական սխալ որոշումներ՝ բերելով պատերազմի և պարտության։ Կա՞ արդյոք երաշխիք, որ պատմությունը չի կրկնվում։
Հայկական վերնախավերի արձագանքը
5-րդ նախագահի երդմնակալության ժամանակ դահլիճը հոտնկայս դիմավորեց Նիկոլին։ Դահլիճի նվազագույնը կեսը այլ միջավայրերում այլ կարծիքի է և Նիկոլի մասին արտահայտվում է վերջին բառերով, բայց դա չի խանգարում Նիկոլի ներկայությամբ նրան մեծարել ոտքի վրա։ Կարո՞ղ ենք այս քաղաքական-հանրային վերնախավերով պետություն պահել։ Սա ամենևին այսօրվա խնդիր չէ, սա հին պատմությամբ խնդիր է։ Դահլիճում մթնոլորտը նախապատերազմական կամ նախախաղաղության չէր, ամենևին։
Վերնախավերի արժեհամակարգում միշտ իշխել է սեփական շահը, սեփական բարեկեցությունը, սեփական ապօրինության ինդուլգենցիան, միշտ լռելու և հարմարվելու ֆոնին։ Իսկ պետությունը՝ հետո, տակը ինչ մնաց-մնաց։
Ի վիճակի՞ է այսօրվա հայկական վերնախավը այս ճակատագրական պահին միտք գեներացնելու և հասարակության տագնապ հնչեցնելու։ Կասկածելի է թվում։
Հայ ժողովրդի արձագանքը
Արցախում հումանիտար աղետ է, մարդիկ տներում սառում են, հիվանդանոցները, ծննդատները, դպրոցներն ու մանկապարտեզները ծայրահեղ վիճակում են։ Միտումնավոր սարքած հումանիտար աղետ, որի նպատակը առաջիկայում ստորացուցիչ պայմաններ պարտադրելն է։ Հայաստանը մեծ մասամբ անտարբեր ապրում է։ Բայց խնդիրը ժողովուրդը չէ. պետության վերնախավում չի ձևավորվում իրավիճակին համապատասխան հավաքական մթնոլորտը։ Եվ, հետևաբար, այդ ամորֆ մթնոլորտն էլ պրոյեկցվում է ողջ երկրի վրա։ Եթե իշխանության դահլիճներում լիներ ոչ թե ֆուրշետային-խնջույքային հարմարավետ մթնոլորտ, այլ՝ազգային տագնապի, ապա հասարակությունն էլ կլիներ այդպիսին։
Իսկ եթե վերնախավում այսպես է, ապա ինչո՞ւ ենք զարմանում, որ հասարակ քաղաքացին էլ Մեքսիկայով արտագաղթում է ԱՄՆ կամ որպես լրահոս է ընկալում իր առաջիկա ստորացուցիչ կապիտուլյացիան կամ պատերազմի վտանգը։
Էջմիածինը տագնապ է հնչեցնում
Պատահական չէ, որ վերջին շրջանի ամենապատկառելի խոսքը Վեհափառինն էր։ Այդ խոսքը մտավ հարյուր հազարավոր ընտանիքներ, և դա շատ լավ է։ Մարդիկ կարիք ունեն նման խոսքի։
Հենց պետականությունը փլուզվում է, եկեղեցին սկսում է վերցնել հայապահպանության ղեկը։ Սա մեր բազմադարյա պատմական ցիկլն է։ Սա ամենևին պարզապես եկեղեցու կարևորության արձանագրումը չէ, սրան պետք է նայել հակառակ կողմից. եթե եկեղեցին սկսում է իր վրա նման գործառույթներ վերցնել, ուրեմն պետությունը լուրջ ճգնաժամի մեջ է։
Այլոց արձագանքը
Առանձին և կարևոր քննարկման թեմա է ընդդիմության, հանրային գործիչների, մտահոգ հասարակության, դիվանագիտական ռեսուրսի, ունակ անհատների արձագանքը։ Սրա մասին անպայման պետք է խոսել։
Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ
Շարունակելի