Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակի անցած սպաները կկարողանա՞ն բուհերում սովորել անվճար․ ՊՆ-ն վերապահում ունի

Մարտ 15,2022 10:46

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում այսօր քննարկվեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին  նախագիծը, որը վերաբերում է կրթության իրավունքի իրացմանը։ Նախագծի հեղինակ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշեց, թե ինչ փոփոխությունների կարիք կա․ «Գործող օրենքը սահմանում է, որ մարտական խնդիր կատարելիս, եթե պարտադիր ժամկետային զինծառայողը ստանում է առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, կարող է օգտվել նաեւ կրթության անվճար իրավունքից։ Առաջարկվող փոփոխությամբ դա կվերաբերի ոչ միայն հաշմանդամություն ձեռք բերած ժամկետային, այլեւ պայմանագրային զինծառայողներին, այդ թվում՝ սպաներին։ Չեմ կարծում, որ սա քննարկելու երկար բան է ենթադրում։ Նույն պայմաններում մարտական խնդիր կատարած եւ հաշմանդամություն ստացած պայմանագրային զինծառայողները եւս պետք է հնարավորություն ունենան օգտվելու կրթությունից»։

Մյուս փոփոխությունը, ինչպես Տիգրան Աբրահամյանը նշեց, վերաբերում է քսան տարվա ծառայություն անցած եւ այս պահին երկարամյա կենսաթոշակի պայմաններում գտնվող սպաներին․ «Ունենում ենք իրավիճակ, երբ կադրային սպան պայմանական 37-38 տարեկան է եւ հիմնականում ռազմական մասնագիտություն է ստացել։ Քաղաքացիական կյանք մտնելու համար կարիք կա նրանց ապահովելու կրթությամբ։ Նրանց երկրում պահելու խնդիր կա, արտագաղթը բացառելու։ Նրանք հնարավորություն պետք է ստանան մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի պայմաններում ստանալ մասնագիտություն եւ ունենալ ապրուստի արժանապատիվ պայմաններ։ Կան որոշակի խնդիրներ հատկապես ծառայությունից հետո քաղաքացիական կյանք մտնելու հարցում։ Սա քննարկել ենք պահեստազորի սպաների եւ հանձնաժողովի փորձագետների հետ»։

Պատգամավորը նաեւ հայտնեց, որ իրեն այս պահին տասը սպայի անուն է հայտնի, ովքեր հիմնականում սովորում են բուհերի մարզային մասնաճյուղերում։ Կառավարության եզրակացությունն այս նախագծի վերաբերյալ մասամբ դրական է։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց՝ քանի որ նման հարցերը նաեւ կառավարության օրակարգում են, ավելի նպատակահարմար չի լինի՞, եթե նախագծին համալիր լուծումներ տրվեն։ Տիգրան Աբրահամյանը նշեց՝ համաձայն չէ ՊՆ-ի նկատառման հետ, որ թոշակի անցած սպաների համար մասնագիտական վերապատրաստման դասընթացներ արդեն իսկ ապահովում են, քանի որ դրանք կամ պատշաճ չեն մատուցվում կամ առհասարակ չեն մատուցվում։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Սարգսյանը հետաքրքրվեց՝ պայմանագրային զինծառայողներն ինչպե՞ս են համադրելու կրթությունն ու ծառայությունը, սա չի ենթադրի՞, որ սպայական անձնակազմին խրախուսում ենք այլ մասնագիտություն ձեռք բերել եւ թողնել ծառայությունը։ Տիգրան Աբրահամյանը պատասխանեց, որ հաշմանդամություն ձեռք բերածն արդեն իսկ արձակվում է ծառայությունից․ «Նրանք այդ դեպքում ունենում են միայն ռազմական կրթություն, ուստի պետք է մասնագիտություն ձեռք բերեն եւ հարմարվեն քաղաքացիական կյանքին»։

Ներկայացնելով կառավարության տեսակետը՝ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարեց՝ եզրահանգել են, որ հաշմանդամություն ձեռք բերած պայմանագրային զինծառայողներին եւս պետք է հնարավորություն տալ անվճար կրթություն ստանալու․ «Մեր տվյալներով՝ խոսքը շուրջ 1600 անձի մասին է, որոնք ունեն առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն։ Ինչ վերաբերում է ծառայությունն ավարտած եւ թոշակի իրավունքից օգտվող սպաներին այս հնարավորությունը տալուն, ապա հակասություն կա։ Մի կողմից ասում ենք ծառայության գրավչությունը բարձրացնենք, բայց մյուս կողմից նրանք գնացել են թոշակի իրավունքից օգտվելու։ Սա կարող է ոգեւորիչ լինել սպաների համար, բայց նախընտրել ենք ձեռնպահ մնալ այս փոփոխությունից։ Զբաղվածության կենտրոնները պարբերաբար շփվում են զորացրման ենթակա սպաների հետ եւ ապահովում մասնագիտական կողմնորոշման դասընթացներով։ Պետությունն այդ ծախսն իր վրա է վերցրել։ Մենք դրական եզրակացություն ենք տալիս նախագծին, բայց երկարամյա ծառայության զորացրվածներին արդեն իսկ տրված է նշյալ հնարավորությունը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031