Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան շուկայի փոքր պահանջարկը ՌԴ-ից բավարարելը խնդիր չէ. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 15,2022 10:39

Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով Հայաստանում սպառողական զամբյուղի հիմնական սննդամթերքների առումով տագնապային իրավիճակ է ստեղծվել: Դա սկսվեց այն ժամանակ, երբ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց կառավարության հաստատած ցանկում ընդգրկված ապրանքատեսակների արտահանումը ժամանակավորապես արգելելու մասին, չնայած հետագայում ՌԴ կառավարությունը որոշ ապրանքների մասով ԵԱՏՄ երկրների համար բացառություն սահմանեց:

Մարտի 10-ին էլ ՌԴ տնտեսական զարգացման եւ ինտեգրման կառավարական հանձնաժողովի մաքսային եւ ոչ մաքսային սակագնային կարգավորման, արտաքին առեւտրի պաշտպանիչ միջոցառումների ենթահանձնաժողովը որոշել է մինչեւ օգոստոսի 31-ը արգելել Ռուսաստանից հացահատիկային մշակաբույսերի եւ շաքարի արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ, սակայն բացառություն է արված, ըստ որի՝ դրանց մատակարարումը հնարավոր կլինի ՌԴ գյուղատնտեսության նախարարության տված թույլտվությունների հիման վրա։

Հայաստանը եւ Արցախը տարեկան սպառում են 500-550 հազար տոննա ցորեն: Այդ քանակից մոտ 480 հազար տոննան 2021 թ. ներմուծվել է արտասահմանից, որից  98 տոկոսը՝ ՌԴ-ից:

Հայաստանում հացահատիկի արտադրության ծավալները 2019 թ. մակարդակին հասցնելու դեպքում Հայաստանի եւ Արցախի բնակիչների կարիքները բավարարելու համար անհրաժեշտ կլինի մոտ 350-400 հազար տոննա ցորեն ներկրել ՌԴ-ից: Այդ ցուցանիշին հասնելու համար պետք էր դեռ նախորդ տարի աշնանացան ցորենի ցանքատարածքներն ավելացնել, քանի որ գարնանացան ցորենի ցանքատարածքներն ավելացնելով՝ ցորենի պահանջարկի հնարավոր բացը դժվար կլինի ապահովել: Սակայն նախորդ տարի ուկրաինական հակամարտության մեկնարկի հավանականությունը քիչ էր, եւ, բնականաբար, նման ռիսկեր չէին գնահատվել:

Հայաստանին անհրաժեշտ 400-450 հազար տոննա ցորենը կամ համապատասխան չափով ներկրվող ալյուրը, բոլոր դեպքերում, ՌԴ-ի շուկայի համար շատ փոքր թիվ է, ինչը ռուսական կողմի հետ բանակցությունների միջոցով, անկասկած, լուծելի է:

Այլ կերպ ասած՝ այս պահին որեւէ առարկայական հիմք չկա տագնապային իրավիճակ ստեղծելու համար, դա միայն կարող է պահանջարկի ծավալների արհեստական ավելացման պատճառով գների չհիմնավորված թռիչքի հանգեցնել, իսկ դրանից կօգտվեն միայն խոշոր ներկրողները, որոնք հին գներով ներմուծած եւ պահեստավորած ապրանքները կվաճառեն թանկ գներով՝ ստանալով գերշահույթներ:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031