Հարց. – Վթարված գազատարի վերանորոգման աշխատանքները մեկնարկելու շուրջ բանակցություններ այսօր տեղի ունեցե՞լ են, թե՞ ոչ:
Պատ․- Վթարված գազատարը վերանորոգելու աշխատանքները սկսելու համար ադրբեջանական կողմի հետ բանակցություններ տեղի են ունենում վթարի օրվանից՝ սույն թվականի մարտի 8-ից։ Այսօր նույնպես տեղի են ունեցել բանակցություններ։
Հարց. – Ինչպիսի՞ կազմով են տեղի ունենում բանակցությունները: Եռակո՞ղմ հանդիպումներ տեղի ունենո՞ւմ են, թե ոչ: Արցախի ո՞ր կառույցներն են բանակցություններում ընդգրկված:
Պատ․ – Բանակցությունները եռակողմ են՝ արցախյան, ՌԴ խաղաղապահ ուժերի և ադրբեջանական կողմի ներգրավմամբ։ Արցախից բանակցություններին մասնակցում է ԱԽ գրասենյակի ներկայացուցիչը։
Կարդացեք նաև
Հարց. – Ադրբեջանական կողմը ձգձգո՞ւմ է արդյոք բանակցությունները, թե՞ դրանք ընթանում են ըստ նախատեսվածի:
Պատ․- Ադրբեջանական կողմի հետ, ինչպես նշվեց, բանակցությունները սկսել են մարտի 8-ից և շարունակվել առ այսօր։
Հարց. – Հայկական կողմին հայտնի՞ է արդյոք, թե կոնկրետ որ հատվածում է տեղի ունեցել գազատարի վթարը:
Պատ․ – Վթարը տեղի է ունեցել Շուշի քաղաքից որոշակի հեռավորության վրա՝ ավտոմայրուղուն հարակից հատվածում։
Հարց. – Ի՞նչի շուրջ է Ադրբեջանը բանակցում, ի՞նչ պատճառաբանությամբ կամ պահանջով է հայ մասնագետներին արգելում մոտենալ վթարված հատվածին:
Պատ․ – Բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմի պահանջը հստակ չէ։
Հարց. – Մինչեւ այժմ որևէ դրական տեղաշարժ բանակցություններում արձանագրվե՞լ է, թե՞ ոչ:
Պատ․ – Բանակցություններում հստակ դրական կամ բացասական դինամիկա առ այս պահը չկա։
Հարց. – Կա՞ն նախադրյալներ կարծելու, որ բանակցությունները օրերի ընթացքում վերջնական արդյունք կտան:
Պատ․ – Նախորդ հարցի պատասխանում նշվեց, որ ընթանում է բանակցային գործընթաց։ Կան նախադրյալներ, որ առաջիկա օրերին հարցը դրական լուծում կստանա։
Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակ