Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միրզոյան-Չավուշօղլու հանդիպման առաջին պտուղը

Մարտ 15,2022 10:30

Բաքուն հրապարակեց Երեւանին առաջարկած 5 կետանոց առաջարկները

Պաշտոնական Երեւանը մարտի 14-ին պատասխանեց Ադրբեջանից փոխանցված առաջարկներին: ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ դիմել է՝ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար՝ ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի եւ Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա»: Սակայն ԱԳՆ-ն չհստակեցրեց՝ ընդունե՞լ է, թե՞ մերժել Ադրբեջանի առաջարկները։

Հիշեցնենք, անցյալ շաբաթ Ադրբեջանի արտգործնախարարը հայտնեց, թե Բաքուն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ առաջարկների նոր փաթեթ է ներկայացրել Երեւանին եւ հիմա սպասում է պատասխանի։ «Եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները, սա շատ լավ հնարավորություն է նրանց համար»,- ասել է Ջեյհուն Բայրամովը՝ այդ առաջարկների բովանդակությունը չգաղտնազերծելով: Նա միայն տեղեկացրել էր, որ խոսքը մեկ էջանոց փաստաթղթի մասին է, որը բաղկացած է հինգ կետից. «Դրանք բոլորը միջազգային հարաբերությունների սկզբունքներ են, արտասովոր ձեւակերպումներ չկան»։ Նա նաեւ հավելել էր, որ դա առաջարկների նոր փաթեթ է, քանի որ նախորդին՝ «Հայաստանը չէր արձագանքել»։ Բայրամովը հարկ էր համարել հավելել, որ «Հայաստանի պատասխանը պարզ կլինի շուտով», որից հետո՝ «Բաքուն կձեռնարկի համապատասխան քայլեր»։

Ուշագրավ է, որ Բայրամովի գաղտնազերծումից ժամեր առաջ, Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե Երեւանը առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու համար։ Արտգործնախարարության խոսնակը, մասնավորապես, հայտնել էր՝ քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, իսկ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը պետք է նախորդի բանակցային գործընթաց, Հայաստանն առաջիկայում թերեւս կդիմի ԵԱՀԿ միջնորդներին Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով:

Հիմա, առայժմ հստակ չէ, թե պաշտոնական Երեւանի համար, այնուամենայնիվ, ընդունելի՞ են Բաքվի ներկայացրած 5 կետերը: Թե՞ որոշ կետեր ընդունվել են որպես հիմք՝ ակնկալիքով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կլծվի հետագա բանակցային գործընթացի կազմակերպմանը:
Սակայն այստեղ մեծ հարցական կա՝ Անկարան ու Բաքուն հազիվ թե ցանկանան ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերագործարկում: Անկարայից արդեն իսկ հնչում են պաշտոնական գնահատականներ, թե Հայաստանն ու Ադրբեջանը ավելի ճիշտ կլինի բանակցեն առանց երրորդ կողմի: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:

Բացի այդ, ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել էր նաեւ Հայաստանի թեմային: Մասնավորապես նա նշել է, որ ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո, ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան կարեւորում են տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը։ Նա հատուկ շեշտել է, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր եւ այժմ սպասում են Հայաստանի արձագանքին։ «Երբ պարոն Ալիեւն առաջարկեց 3+3 ձեւաչափով հանդիպում անցկացնել Հարավային Կովկասի երեք երկրների՝ գումարած Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի մասնակցությամբ, պարոն Էրդողանն առաջին աջակցողներից եղավ այս գաղափարին։ Եթե վաղը հարաբերությունները կարգավորվեն, ինչո՞ւ չընդգրկել Հայաստանին այդ ձեւաչափում։ Իմ կարծիքով՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում 3-րդ կողմի կարիք չպետք է լինի։ Մենք աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռնարկվելիք յուրաքանչյուր քայլին։ Ադրբեջանը նույնպես աջակցում է այն գործընթացին, որը մենք իրականացնում ենք Հայաստանի հետ»,- նշել է Չավուշօղլուն եւ ընդգծել, որ իրենք Ադրբեջանի հետ ամեն հարցում խորհրդակցում են եւ այդպես կլինի նաեւ ապագա գործընթացներում։

Անկարան, ինչպես նկատում ենք, սահուն կերպով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեմայից անցում է կատարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման թեմային, հստակ հասկացնել տալով, որ թուրքական իշխանությունները եւս սպասում են Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված առաջարկների պատասխանին:

Բայրամովի բացահայտումից մի քանի օր անց արդեն պաշտոնական Բաքուն որոշեց գաղտնազերծել 5 կետերը: Մարտի 14-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակեց Երեւանին ներկայացրած առաջարկները: Ադրբեջանն առաջարկում է հարաբերությունների կարգավորման հետեւյալ սկզբունքները.

– ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության եւ միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում.
– միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության եւ ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում.
– ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ եւ ուժ կիրառելուց, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից.
– պետական սահմանի սահմանազատում եւ սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում.
– տրանսպորտային ուղիների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն:

Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումից 2 օր անց՝ Բաքուն գաղտնազերծել է Հայաստանին ներկայացրած առաջարկները: Երեւանն ու Բաքուն համաձայնեցրե՞լ են ի սկզբանե այս գործընթացը, դժվար է միանշանակ պնդել:

Սակայն ուշագրավ է, որ այս գործընթացը տեղի է ունենում Արցախում լարվածության աճի, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից ռուս խաղաղապահներին դեմ բավական ցայտուն հակաքարոզչության պայմաններում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 15.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031