Երեկ երեկոյան, ռուսական Առաջին ալիքի «Վրեմյա» հաղորդման ժամանակ, երբ հաղորդավար Եկատերինա Անդրեեւան կարդում էր ՌԴ-ի դեմ միջազգային պատժամիջոցների վերաբերյալ լուրը, տաղավար ներխուժեց մի աղջիկ եւ, պարզելով «No war (Ո՛չ պատերազմին): Դադարեցրեք պատերազմը, մի հավատացեք պրոպագանդային, այստեղ ձեզ խաբում են» գրությամբ պաստառը, սկսեց գոչել՝ «Կանգնեցրե՛ք պատերազմը: Կանգնեցրե՛ք պատերազմը: Ո՛չ պատերազմին»: Անմիջապես եթերում հայտնվեց այլ լրատվությամբ տեսանյութ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բողոքի այդ ճիչը Մարիա Օվսյաննիկովայինն էր, որն աշխատում է ռուսական Առաջին ալիքում, եւ մինչեւ այդ հաղորդումը նաեւ տեսաուղերձ էր հրապարակել, որում կրկին խոսել էր պատերազմի դեմ, ասել, որ ամաչում է այն բանի համար, որ մասնակցել է տարիներ շարունակ իր ազգակիցներին, համերկրացիներին կրեմլյան քարոզչության եւ ստի մեջ պահելու գործին: Կոչ է արել բոլորին դուրս գալ հանրահավաքների եւ բողոք բարձրացնել՝ ընդդեմ պատերազմի եւ երկրում տիրող ռեժիմի: «Չեն կարող բոլորիս բանտարկել, մի վախեցեք»,-ասել է նա:
Կարդացեք նաև