Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որը Սյունիք էր եկել՝ ներկայացնելու նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մարզի ճանապարհների ձնամաքրման աշխատանքներին։ Նշենք, որ վերջին երկու օրերին տեղացած ձյունը դժվարանցանելի էր դարձրել Սիսիան-Գորայք ավտոճանապարհը, որտեղ պարբերաբար խցանումներ էին առաջանում։ «Հետաքրքիր ժողովուրդ ենք, մի կողմից ուզում ենք ձյուն գա՝ կապված գյուղատնտեսության հետ, մյուս կողմից էլ եք դժգոհում ենք, որ ձյունը խնդիրներ է առաջացնում»,-ասում է Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով՝ կան բարեխիղճ ճանապարհաշինարարական կազմակերպություններ, կան նաեւ այնպիսիները, որ խնդիրներ են առաջացնում ։ «Փորձում ենք լուծել խնդիրները, նույնիսկ պատժիչ մեթոդներ ենք կիրառում՝ ֆինանսավորման հետ կապված»,-ասում է նախարարը։ Գնել Սանոսյանը շնորհակալ է արտակարգ իրավիճակների նախարարությանը, ճանապարհային ոստիկանությանը, որ ճանշին ընկերությունների հետ փորձում են անցանելի դարձնել մայրուղիները։
«Ամռանը հսկայական ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվելու Սյունիքում, կարծում եմ եկող տարի այս խնդիրները չեն լինի»,-իր խոսքը եզրափակեց Գնել Սանոսյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ