Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեղծիք է, կառաջարկեմ գոնե մնալ հայ տղամարդու բարձունքի վրա»․ Նազելի Բաղդասարյանն՝ ընդդիմադիր Կարապետ Պողոսյանին

Մարտ 14,2022 19:15

Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի մարտի 11-ի որոշմամբ, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հետ կապված՝ դադարեցվել է «Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Արկադի Անդրիասյանի լիազորությունները՝ նրա հետ լուծելով 2019 թվականի մարտի 11-ին կնքած պայմանագիրը։

Մարզպետի մեկ այլ որոշմամբ, պոլիկլինիկայի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արևիկ Ծերունյանը։

Այս թեմային անդրադարձել էր գյումրեցի իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը՝ իր ֆեյսբուքյան գրառմամբ քննադատելով Նազելի Բաղդասարյանին քեռակնոջը պոլիկլինիկայի տնօրենի ժ/պ նշանակելու համար։

Նա Նազելի Բաղդասարյանի ու Արևիկ Ծերունյանի համատեղ լուսանկարներն էր հրապարակել՝ գրելով․ «Երեկ ամբողջ օրը ինձ են դիմել Գյումրու Է. Մատտեի անվան իտալական պոլիկլինիկայի աշխատակիցները, ովքեր սարսափած են․ ուրբաթ օրը Շիրակի մարզպետուհին աշխատանքային օրվա ավարտից 10 րոպե առաջ որոշել է նշված պոլիկլինիկայի գործող տնօրենին ազատել աշխատանքից, փոխարենը տնօրեն կարգել սեփական քեռակնոջը` Արևիկ Ծերունյանին»։

Aravot.am-ը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է իրական այս տեղեկությունը։

Վերջինս ասաց․ «Էնրիկո Մատտեի անվան» պոլիկլինկիայի տնօրենի պաշտոնավարման, պայմանագրի սահմանված ժամկետը լրացել է, և այս դեպքում մարզպետն ունի լիազորություն՝ կամ պայմանագիրը երկարացնելու կամ նշանակելու նոր մրցույթ։

Ես առաջնորդվել եմ երկրորդ տարբերակով, քանի որ կառավարությունը վերջերս հաստատել է մրցույթների անցկացման նոր կարգ և «Էնրիկո Մատտեի անվան» պոլիկլինիկայում առաջիկայում կլինի մրցույթ։

Մինչ մրցույթի անցկացումը, բնականաբար, պոլիկլինիկայի աշխատանքները բնականոն ապահովելու համար պետք է նշանակվեր ժամանակավոր պաշտոնակատար։ Նշանակվել է մարդ, ով Գյումրու բժշկական կենտրոնում տարիներ շարունակ եղել է բաժանմունքի վարիչ, հեղինակավոր, ճանաչված ու հարգված բժիշկ։ Կարծում եմ՝ այդ մասին կվկայեն և՛ կոլեգաները, ինչու չէ նաև Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենը, քննարկել եմ բժշկական հանրույթի հետ և անձը նշանակվել է։

Այն շահարկումները, որ տվյալ անձը իմ քեռակինն է, չի համապատասխանում իրականությանը։ Այո՛, ազգակցական հեռու կապ ունեմ, բայց գիտեք Գյումրիի նման փոքր քաղաքում կարող է բոլորն էլ ունենան էդ կապը։

Ես նորից պաշտոնապես հերքում եմ՝ իմ քեռակինը չէ, ունեմ մեկ քեռակին, որը բժիշկ չէ։

Սա՛ է իրականությունը, ինչը կա։

Ինչ մնում է նախկին տնօրենին, որը պաշտոնավարում էր «Էնրիկո Մատտեի անվան» պոլիկլինիկայում, առաջիկայում կլինի մրցույթ և բոլորի հետ համահավասար կերպով կարող է նա ևս մասնակցել։ Չի բացառվում, որ հաղթահարի մրցույթը, չի բացառվում, որ նշանակվի, բայց բնականաբար բոլորը մրցույթներին մասնակցելու են համահավասար պայմաններով, հաղթահարելու են նախ հարցաշարի փուլը, այնուհետև բանավոր փուլը, զարգացման ծրագիր են ներկայացնելու և, եթե հմտությունները կբավարարեն, ինչու չէ, կնշանակվեն տնօրեն։

Բայց այս դեպքում կարծում եմ՝ ազնիվ կլինի, որ հանրության աչքի առաջ բաց լինեն բոլոր մրցույթները, իսկ ես նաև հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ընթացքում եմ ասել՝ դիմեք նախարարություն և մրցութային հանձնաժողովում ընդգրկվեք։ Բաց կլինի նաև լրատվամիջոցների համար և բոլորի աչքին տեսանելի կլինի, թե ինչպես են նշանակվում Շիրակի մարզում ղեկավար պաշտոնների»։

Ընդդիմադիր Կարապետ Պողոսյանն անդրադարձել էր նաև Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետի նշանակմանը՝ գրելով, թե նա Բասեն գյուղից է, եղել է Նազելի Բաղդասարյանի կարտոֆիլի դաշտերի ջրվորը, տեր է կանգնել դաշտերին, նրան վճարելու փոխարեն պետ են նշանակել՝ չսպասելով անգամ նախկին վարչության պետի թոշակի գնալուն։

Նազելի Բաղդասարյանն, անդրադառնալով այս գրառմանն, ասաց․ «Քաղաքական դիակ ունենք, որը փորձում է իրեն վերակենդանացնել, այս մարդը ժամանակին հնարավոր ու անհնարին կերպով փորձել է մարզպետարանում ինչ-որ պաշտոն ստանալ հեղափոխությունից հետո, իրեն մերժել են։ Հիմա երևի որոշակի քաղաքական շրջանակների հետ համագործակցելով՝ փորձում է իրեն վաճառել։ Պետք է ասել, որ այս մարդու համար գնորդ չկա;

Եվ իր շահարկումները՝ կապված գյուղվարչության պետի հետ, պետի նշանակումը, պաշտոնավարումը եղել է իմ մարզպետ նշանակվելուց շատ առաջ, որևէ մեկնաբանություն անելու խնդիր չունեմ։ Նաև շահարկվում էր, որ ես ինչ-որ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվել եմ, կարող են հարցում կատարել, կարող են նաև իրավապահներն ուշադրություն դարձնել այս թեմային, և եթե պարզվի, որ ես որևէ հեկտար կամ քառակուսի մետր վարելահող ունեմ կամ զբաղվել եմ, թող բոլորն ամոթանք տան։ Կեղծիք է, ես այդ մարդուն կառաջարկեմ մնալ գոնե հայ տղամարդու բարձունքի վրա»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031