Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Մանասյան. «Թուրքին հավատալ չի կարելի, թուրքը  բազմաքայլ կոմբինացիաների մասնագետ է, եւ դա ցույց է տալիս հայոց ամբողջ պատմությունը»

Մարտ 14,2022 18:18

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը այս օրերին Արցախում եւ նրա շուրջ կատարվող իրադարձությունները դիտարկում է Ուկրաինայի, եւ Սիրիայի իրադարձությունների ամբողջական համատեքստում եւ խնդիրը տեսնում ապագա իրադարձությունների միտվածության մեջ, թե ինչ է լինելու ապագայում: «Այս պահին ամեն ինչ կախված է ուկրաինական ճակատում տեղի ունեցող պրոցեսներից: Եթե այնտեղ Ռուսաստանը պարտվում է, չի բացառվում, որ Արեւմուտքը ինչ-որ բարի քայլեր կատարի արցախյան հարցում, որովհետեւ Ղարաբաղը ոչ միայն Ռուսաստանին է պետք, այլեւ այդ իրավիճակում կարող է պարզվել, որ Ղարաբաղը պետք է նաեւ Արեւմուտքին:

Այս բարդ խաղերի համատեքստում պետք է փնտրել բանալիներն այն բանի, թե ինչ տեղի կունենա, եթե դեպքերն ընդունեն այս կամ այն ընթացքը. եթե Ուկրաինայում ռուսները զիջեն, կամ ընդհակառակը, հաղթեն: Ամեն ինչ ընթացքի մեջ է: Ռուսաստանը առայժմ շատ ինքնավստահ է խոսում, թեեւ առաջընթացի տեմպերը սպասվածը չեն: Եվ ինչպես ասել է ամերիկյան փորձագետներից մեկը, Ռուսաստանը սկզբում մեղմ, շոյող առաջընթացի տակտիկա է ընտրել, որպեսզի ընդդեմ ռուսական զորքերի չառաջանա համաժողովրդական ընդվզում, Ռուսաստանը չդիտվի որպես դաժան ագրեսոր: Սակայն գլխավոր իրադարձությունները դեռ առջեւում են»,-ասաց քաղաքագետը:

Ալեքսանդր Մանասյանը առկա մեծ խնդիրների համատեքստում, աշխարհի գլոբալ երկատման գործընթացում, որ հիմա կատարվում է, Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցելը մանր, նշանակություն չունեցող փաստ է համարում: Իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի մասին, որ համառորեն քարոզում է Հայաստանի գործող իշխանությունը, ասաց. «Թուրքին հավատալ չի կարելի: Եվ հայոց ամբողջ պատմությունը խոսում է այդ մասին: Թուրքը կարող է ամեն բան ասել: Ընդհանրապես, դիվանագիտության մեջ է այդպես: Բայց թուրքը հզոր դիվանագետ է: Թուրքիայում Արարատ Միրզոյանի ընդունելությունը, ժպիտները, Չավուշօղլուի՝ առանց փողկապի ներկայությունը… Թուրքը բազմաքայլ կոմբինացիաների մասնագետ է: Տեսեք, հիմա Թուրքիա պետությունը օգնում է Ուկրաինային: Թուրքիան կօգնի, որ ահաբեկիչներ անցնեն Ուկրաինայի կողմը, բայց պետական մակարդակով կմնա չեզոք: Նա լավ հասկանում է, որ եթե ռուսը հասնի համբերության սահմանին, կարող է նաեւ անկանխատեսելի քայլեր կատարել: Դրա համար զգուշավոր է: Դեռ գերմանացի փիլիսոփա Հեգելն է ասել, որ թուրքը երբեք չի մտնում կռվի մեջ, մինչեւ համոզված չի լինում իր հաղթանակում: Ես կուզենայի, որ մեր խաղաղության դարաշրջանը այլ լիներ, քան խոսքը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031