Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպասենք ՄԽ համանախագահ պետությունների արձագանքին». Արման Մելիքյան

Մարտ 14,2022 18:30

«Բաքուն շտապում է 44-օրյա պատերազմում ՀՀ իշխանությունների կապիտուլյացիան վերածելու երկկողմ հարաբերություններում նաև իրավական մակարդակում մեր երկրի հետ ուժի դիրքերից խոսելու և իր համար ցանկալի լուծումները մեզ պարտադրելու դեռևս առկա հնարավորությունն օգտագործել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու գործընթացին:

Հիշեցնենք, այդ մասին հայ հանրությունը տեղեկացավ երկու օր առաջ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովից: Վերջինս հայտարարել էր, որ ՀՀ իշխանություններին է փոխանցվել 5 կետից բաղկացած փաստաթուղթ, որն Ադրբեջանը դնում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմքում: Ըստ նույն աղբյուրի, կետերից մեկը վերաբերվում է սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին: Այսօր արդեն, պաշտոնական Երեւանի արձագանքը եղավ այն մասին, որ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը:

Aravot.am-ը դիմել էր ՀՀ ԱԳՆ՝ խնդրելով տրամադրել կամ հրապարակել պաշտոնական Բաքվի՝ Երեւանին առաջարկած հինգ կետերը: Ավելի ուշ, Բաքուն հրապարակեց հարաբերությունների կարգավորման համար Երեւանին առաջարկած իր կետերը: Պաշտոնական Երեւանը դեռ լռում է:

Դատելով աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային ներկայիս զարգացումներից եւ պաշտոնական Երեւանի որդեգրած լռության քաղաքականությունից՝ ի՞նչ ենթադրություններ կարող ենք անել, ի՞նչ է սպասվում մեզ, հետաքրքրվել էինք Արման Մելիքյանից:

Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ իր նպատակին հասնելու համար կրկին սկսել է զենքով ու սադրիչ կոչերով ահաբեկել Արցախի բնակչությանը, որն արդեն քանի օր է, ինչ այս ցուրտ եղանակին զրկված է գազամատակարարումից:

«ՀՀ իշխանությունների դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրամաբանական է, քանի որ միջնորդների մասնակցությունը գործընթացին, կարող է կանխել Ադրբեջանի կողմից երկկողմ իրավաքաղաքական հարցերն ուժի դիրքերից լուծելու նկրտումները: Այլ հարց է, թե արդյոք ՄԽ բոլոր համանախագահներն այս հարցում հանդես կգան միևնույն դիրքերից: Եվ եթե ոչ, ապա պաշտոնական Երևանի հետագա քայլերը նախատեսելու համար կարևոր կլինի իմանալ, թե նրանցից կոնկրետ ո՞ր մեկն է դեմ ՀՀ այս առաջարկին: Օրինակ` Թուրքիան գտնում է, որ բոլոր հարցերը պետք է քննարկվեն Բաքու-Երևան ձևաչափով և, այսպիսով, փորձում է կանխել ՄԽ հնարավոր միջամտությունը: Սպասենք ՄԽ համանախագահ պետությունների արձագանքին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031